Արմինֆո. Մարտին Ժնևում կարող են տեղի ունենալ քննարկումներ Ադրբեջան-Հայաստան միջխորհրդարանական երկխոսության հարթակի ստեղծման շուրջ: Այս մասին Trend-ի հետ հարցազրույցում ասել է Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը՝ Բաքու այցի ընթացքում։
Նա նշել է, որ ՄԽՄ-ը տեղյակ է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների, Ադրբեջանի եւ նրա հարեւանների հարաբերությունների մասին, եւ ՄԽՄ-ը, որպես ողջ աշխարհում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման համար ստեղծված կազմակերպություն, անհրաժեշտ է համարում կողմերի հետ քննարկումներ անցկացնել այն մասին, թե ինչպես երկխոսությունը կարող է օգնել այն խնդիրների լուծմանը, որոնք կարող են հանգեցնել անկայունության: "Ես քննարկումներ եմ ունեցել Ադրբեջանի իշխանությունների հետ և գոհ եմ իմ ստացած պատասխանից ։ Այս փուլում մենք ձգտում ենք հասնել սկզբունքային համաձայնության այն մասին, որ ՄԽՄ-ն երկու երկրներին հարթակ տրամադրի խորհրդարանական մակարդակով, որպեսզի հավաքվեն եւ անկեղծ ու ազնիվ ձեւով քննարկեն այն հարցերը, որոնք լուծման դեպքում կարող են օգնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Մենք նախատեսում ենք հրավիրել երկու երկրների խորհրդարանների բարձրագույն ղեկավարությանը՝ քննարկումներ անցկացնելու համար։ Մենք հավատում ենք խորհրդարանական դիվանագիտությանը, որը լրացնում է իշխանության գործադիր մարմինների կողմից վաարվող դիվանագիտության ավանդական ձևը", - հայտարարել է ՄԽՄ-ի գլխավոր քարտուղարը։
Չունգոնգն ընդգծել է, որ լի է եռանդով իրագործելու այն նախաձեռնությունը, որը ՄԽՄ-ն առաջ է քաշել, և որը պետական ամենաբարձր մակարդակով հզոր աջակցություն է ստացել Ադրբեջանի կողմից: "Ես Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովային կհրավիրեմ Ժնեւ, որպեսզի բանակցություններ վարեն Հայաստանի գործընկերների հետ, որպեսզի առաջ շարժվեն մշտական երկխոսության համար այդ հարթակի ստեղծման օրակարգով։ Հուսով ենք, որ կկարողանանք նման հանդիպում կազմակերպել Միջխորհրդարանական միության հաջորդ վեհաժողովի ժամանակ, որը տեղի կունենա այս տարվա մարտի 23-27-ը: Մենք ցանկանում ենք խորհրդարանականներին հրավիրել ի սկզբանե ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպում անցկացնելու, որպեսզի իսկապես խոսենք այն սուր խնդիրների մասին, որոնք կռվախնձոր են երկու երկրների միջև: Եվ այդպիսով մենք կկարողանանք հասնել երկու երկրների խորհրդարանների միջև ավելի լավ փոխըմբռնման։ Այնուհետև մենք կարող ենք փորձել բարենպաստ միջավայր ստեղծել երկու երկրների միջև շարունակվող խաղաղ բանակցությունների հաջող ելքի համար", - նշել է նա, հավելելով, որ ՄԽՄ նախաձեռնության նպատակն այն չէ, որ կրկնօրինակի այն, ինչ անում են իշխանությունները երկու պետությունների միջև բանակցությունների միջոցով։ "Ուրախ եմ նշել, որ երկու կողմից էլ դրական արձագանք կա այս նախաձեռնությանը։ Եվ մենք անհամբերությամբ սպասում ենք այդ փոխգործակցությանը, քանզի կարծում ենք, որ այն իր մեջ կրում է վստահություն ստեղծելու, հնարավոր թյուրիմացությունները ցրելու և այն բարյացակամությունը ստեղծելու հզոր ներուժ, որն անհրաժեշտ է մարդկանց միջև խաղաղ և ներդաշնակ հարաբերությունների համար: ՄԽՄ-ում մենք շատ ուրախ ենք այս հարթակն առաջարկելու հնարավորության համար, քանի որ դա մարդկության առջև այս կազմակերպության մանդատն է, պարտքն ու պատասխանատվությունն է՝ հասնել հակամարտող կողմերի միջև փոխըմբռնման և այդպիսով նպաստել խաղաղությանն ու անվտանգությանը ողջ աշխարհում", - հայտարարել է ՄԽՄ-ի գլխավոր քարտուղարը։