Արմինֆո. Եթե քննչական մարմինները այցելել են պետական կառույց, ուրեմն խոսքը կոռուպցիայի մասին է, որի դեմ պայքարը մենք չափազանց կարևորում ենք, բայց, միևնույն ժամանակ, հարգում ենք անմեղության կանխավարկածը։ Այդ մասին հունվարի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք իր տեղակալ Անի Իսպիրյանի պաշտոնանկությունը կապված է գերատեսչությունում խուզարկությունների հետ, Վահան Քերոբյանը դա որակել է զուգադիպություն: Մասնավորապես, նա հաղորդել է, որ Իսպիրյանը Նիդերլանդներում աշխատելու հրավեր է ստացել և մտադիր էր տեղափոխվել այնտեղ: "Տեղափոխվելուց մի քանի օր առաջ փոխնախարարը ազատման դիմում է գրել", - ասել է նա:
Քերոբյանը, հրաժարվելով պատասխանել քննչական գործընթացների հետ կապված մի շարք հարցերի, լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրել է մեկնաբանությունների համար դիմել քննչական գործողություններ իրականացնող մարմիններին: "Ավելին չեմ կարող ասել", - եզրափակել է նա: