Արմինֆո.Հայաստանի իշխանությունների անհեռատես քաղաքականությունը ներկայիս միջազգային տուրբուլենտության պայմաններում Հայաստանին կանգնեցրել է լուրջ փորձությունների և մարտահրավերների առջև։ Նման կարծիք է հայտնել "Ժողովրդի ձայն" փորձագիտական ակումբի անդամ, քաղաքագետ Արման Ղուկասյանը՝ Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
"Մեր երկրի արտաքին քաղաքականությունը լուրջ ֆիասկո է կրում և շատ լուրջ ռիսկեր է ստեղծում մեր հանրապետության համար ։ 2023 թվականի արդյունքներով կարելի է վստահորեն ասել, որ Հայաստանի անվտանգության համակարգի, այսպես կոչված, դիվերսիֆիկացման փորձերը, ինչպես նաև նոր դաշնակիցների որոնումը, մեղմ ասած, որևէ շոշափելի արդյունք չտվեցին։ Ընդհակառակը, մենք ոչինչ ձեռք չենք բերել, որովհետեւ ընթացիկ միջազգային առճակատման ֆոնին արեւմտյան երկրները Հայաստանի ժամանակը չունեն, եւ դա ի սկզբանե ակնհայտ էր", - վստահ է Ղուկասյանը։
Ընդ որում, նրա համոզմամբ, երկրի իշխանությունների՝ Փաշինյանի գլխավորությամբ վարած քաղաքականության ամենամեծ վտանգը դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումն է։ Նրա խոսքով՝ անգամ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին Փաշինյանի թիմը չկարողացավ նոր դաշնակիցներ ձեռք բերել, իսկ դա տարածաշրջանում առկա մարտահրավերների պայմաններում կարելի է որակել ինքնասպանություն: "Հայաստանի քաղաքական ղեկավարության բոլոր կանխատեսումները չիրականացան։ Արևմուտքը բացահայտ հայտարարում է, որ չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Այսինքն, իրականում, ոչ մի այլընտրանք՝ Հայաստանի համար անվտանգության համակարգի համատեքստում, որի մասին բազմիցս խոսել է Նիկոլ Փաշինյանը", - հավելել է քաղաքական գործիչը։
Խոսելով տարածաշրջանային գործընթացների մասին՝ Ղուկասյանը սխալ է համարել Հայաստանի գործող իշխանությունների կողմից ռուսական միջնորդությունից հրաժարվելը եւ Երեւանի ու Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում արեւմտյան մոտեցումներ որդեգրելու ցանկությունը: Նրա խոսքով ՝ այդ մոտեցումը հանգեցրեց Արցախի կորստին։ "Հենց 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արեւմուտքի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունն էր լուրջ շրջադարձ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից։ Բոլոր խնդիրները գալիս են հենց այնտեղից, երբ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ Այսօր այդ սխալները հաշվի չեն առնվել, և իշխանությունը շարունակում է հավատարիմ մնալ արևմտյան երկրների մոտեցումներին հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համատեքստում: Իսկ Ալիևն ավելի ու ավելի շատ է պահանջում, և ադրբեջանական կողմից խաղաղության ցանկության բացակայության մասին բացահայտ խոսում են նաև Հայաստանի իշխանության ներկայացուցիչները",- նշել է նա, հավելելով, որ վերջին շրջանում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, հիմնականում, տեղի է ունեցել Արևմտյան հարթակներում, սակայն շոշափելի արդյունքների հասնել այդպես էլ չի հաջողվել, և գործընթացը փաստացի կանգ է առել։ Միաժամանակ, Ղուկասյանը փաստել է, որ տարածաշրջանը դարձել է բազմաթիվ միջազգային խաղացողների շահերի բախման թատերաբեմ, իսկ արտաքին ուժերի մեջ կան նաև այնպիսիք, ովքեր շահագրգռված են գետնի վրա իրավիճակի ապակայունացմամբ: Ղուկասյանը նաև կարծում է, որ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու պրահյան պայմանավորվածություններն անհրաժեշտություն են ստեղծել սահմանադրությունից հանել կարևորագույն կետը, ըստ որի, Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է: "Հենց դա է ուզում անել իշխանությունը։ Դեռ 2021 թվականին նման պահանջ էր հնչեցրել Ալիևը։ Այն է, որ Հայաստանը պետք է ընդունի նոր սահմանադրություն ։ Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների այս քայլը՝ նոր սահմանադրություն ընդունելը, առաջին հերթին, բխում է Բաքվի շահերից։ Այսինքն, մենք գնում ենք այն բանին, որ փաստաթղթավորված, սահմանադրությամբ փակենք Արցախի հարցը։ Կարծում եմ, որ նոր սահմանադրության ընդունումը, այլ ոչ թե սահմանադրական բարեփոխումները, Փաշինյանը հայտարարեց հենց հայության համար կարևորագույն այս հարցի պատճառով, որից Հայաստանի իշխանությունը փորձում է ընդմիշտ հրաժարվել",- եզրափակել է Ղուկասյանը ։ -