Արմինֆո. «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2023թ-ի արդյունքները, որոնց համաձայն, Հայաստանը 47 միավորով գրավում է տարածաշրջանում Վրաստանից (53) հետո երկրորդ տեղը, մինչդեռ, հարևան պետությունները՝ Ադրբեջանը (23) և Թուրքիան (34) այս տարի գրանցել են զգալի անկում և հասել են իրենց արդյունքների պատմական նվազագույնին։
«180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2023 թ. աղյուսակում Հայաստանը գրավում է 62-րդ տեղը, իսկ ԵԽ երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ։ Սա նշանակում է, որ Հայաստանը դեռևս շատ անելիքներ ունի կոռուպցիայի դեմ պայքարում իրական առաջընթաց գրանցելու համար։
ԿԸՀ համաթիվը երկրներին դասակարգում է ըստ նրանց` հանրային ոլորտների կոռումպացվածության մասին ընկալման։ Համաթվի միավորները արտահայտում են փորձագետների և բիզնես ոլորտի տեսակետները և ո՛չ լայն հանրության կարծիքը։
ԿԸՀ տվյալները հաշվարկվում են 13 տարբեր արտաքին աղբյուրների համադրմամբ։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը որևէ կերպ չի՛ ներգրավվում նշված 13 տվյալների բազաների պատրաստման գործընթացին։
Բոլոր աղբյուրների կողմից յուրաքանչյուր երկրին տրված միավորների միջինացված արդյունքը հանդիսանում է համաթվում ընդգրկված երկրների ԿԸՀ արժեքը», - ասվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան»-ի հաղորդագրությունում։