Արմինֆո.Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան քննադատել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ մամուլի ասուլիսի «բովանդակությունն ու տոնայնությունը»՝ ափսոսանք հայտնելով այդ կապակցությամբ:
"Օբյեկտիվ եզրակացություններ անելու, մասնավորապես, սեփական սխալներից և սխալ հաշվարկներից եզրակացություններ անելու փոխարեն, հերթական փորձն է ձեռնարկվել ողջ պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա", - ասել է նա, նշելով, որ նման դիրքորոշումը որևէ հիմք չունի, քանի որ դրանք սխալներ են, որոնք թույլ է տվել պաշտոնական Երևանը: "Այդ ամենը վերաբերում է և կիրառելի է մեր կողմի հետ հարաբերությունների նկատմամբ, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում։ Այդ հայտարարությունների գրեթե յուրաքանչյուր մասում կարելի է հանդիպել փաստերի խեղաթյուրման,նենգափոխման>, - ասել է Զախարովան:
Նշենք, որ հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ի պատասխան այն հարցին, թե արդյոք Երևանը կարող է հետ կանչել իր ստորագրությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, հայտարարել էր, որ դժվար է հետ կանչել ստորագրությունը մի փաստաթղթից, որն, ըստ էության, չի գործում։ Այս առումով հայ նախարարն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ երկու կողմերը (Ռուսաստանն ու Ադրբեջանը - խմբ.), ըստ էության, չեն կատարել այդ փաստաթղթի իրենց պարտավորությունները։ "Ապացույցներն ու օրինակներն ավելի քան բավարար են. դա վերաբերում է ինչպես Լեռնային Ղարաբաղին, այնպես էլ Լաչինի միջանցքին և շատ այլ հարցերի։ Իսկ Հայաստանը կատարել է այդ հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները", - նշել էր նա։
Խոսելով ռուսական բանակցային հարթակի և Մոսկվայում հանդիպելու Բաքվի պատրաստակամության մասին, ըստ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունների, Միրզոյանը նշել է, որ իրեն հայտնի չէ, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ռուսաստանում: "Ադրբեջանական կողմից նման հավաստիացումներ չեն հնչել ոչ փակ հանդիպումների ժամանակ, ոչ էլ հրապարակավ։ Եթե Լավրովը նման պնդում է անում, ապա, կարծում եմ, որ նա նման հիմքեր ունի", - նշել է նա։ Ճշգրտող հարցին, թե արդյոք ռուսական կողմը բանակցային գործընթացի վերաբերյալ նոր առաջարկներ ունի, Միրզոյանը պատասխանել է, որ տեղյակ չէ նման առաջարկների մասին: