Արմինֆո.Բաքվում ոչ համարժեք են արձագանքել ականապատ դաշտերի ևս 8 տեղեկամատյան փոխանցելու մտադրության մասին Հայաստանի ԱԱԾ հաղորդագրությանը: Թվում էր, թե այդ հաղորդագրությունը պետք է դրական գնահատվեր ադրբեջանական կողմից։ Սակայն, դրա փոխարեն, ԱՀ ԱԳՆ - ում հնչեցրել են Հայաստանի հասցեին սպառնալիքների և իրականությունից հեռու ինչ-որ ոչ համարժեք պահանջների հերթական չափաբաժինը։
"Հայկական կողմի ներկայիս հայտարարությունը վկայում է այն մասին, որ նշված երկրի մտադրությունը չի նպաստում հումանիտար գործընթացին, և այդ քայլը չի կարելի գնահատել որպես վստահության կառուցման գործիք: Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանը կտրամադրի ականապատված բոլոր տարածքների ճշգրիտ քարտեզները", - նշել են ԱՀ ԱԳՆ-ում, որտեղ, ըստ երեւույթին, որպես վստահության կառուցման քայլ են դիտարկում հայերին տարիներ շարունակ գերության մեջ պահելը, նրանց խոշտանգելը եւ ինչ-որ մտացածին հոդվածներով ազատազրկման ժամկետների երկարաձգումը:
Նշենք, որ հունվարի 25-ին ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել է, որ Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով իր հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին եւ ելնելով հումանիտար նկատառումներից, 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների Ադրբեջանական Հանրապետության ներկայացուցիչներին է փոխանցել ԱՀ տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ (ֆորմուլյարներ):
«Այս միակողմանի հումանիտար քայլից հետո Ադրբեջանական Հանրապետությունը տեղեկատվական արշավ է սկսել, Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով ոչ ճշգրիտ եւ ոչ ամբողջական տեղեկամատյաններ տրամադրելու մեջ եւ հումանիտար քայլը օգտագործելով ատելություն բորբոքելու նպատակով: Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները հրապարակային եւ աշխատանքային մակարդակներում բազմիցս հայտարարել են, որ ՀՀ տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան: Իսկ փոխանցված քարտեզները ձեռքբերված են եղել ԼՂ զինծառայողների միջոցով:
Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից ԱՀ քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի տեղեկատվություններից հետո եւ ի շարունակություն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածության, այն է շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ: Այդ տեղեկամատյանները առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների», - ասվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում: