Արմինֆո.Պաշտոնական Բաքուն մտադիր է համարժեք պատասխանել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշմանը:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, չնայած ԵԽԽՎ երեկվա նիստում նշվել է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակումը չի նշանակում դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը Եվրոպայի խորհրդի այլ կառույցներում, Բաքվի դիրքորոշումն այլ է: Նշվում է, որ Ադրբեջանը մտադիր չէ համակերպվել այդ անարդար և կանխակալ վերաբերմունքի հետ, և ներկայումս պաշտոնական Բաքուն դիտարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև, ընդհանրապես, Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը: Ադրբեջանը կարող է հրաժարվել նաև ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը։
Նշենք, որ հունվարի 24-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը որոշում է կայացրել չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները: Նախօրեին ԵԽԽՎ - ում ընդունված համապատասխան բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 76 պատգամավոր, դեմ՝ 10 - ը, 4-ը ձեռնպահ է մնացել:
Ինչպես նշվում է բանաձևում, Ադրբեջանը չի կատարել 20 տարի առաջ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց բխող հիմնական պարտավորությունները: "Պահպանվում է շատ լուրջ մտահոգություն ազատ և արդար ընտրություններ անցկացնելու Ադրբեջանի կարողության, իշխանության ճյուղերի տարանջատման, գործադիր իշխանության նկատմամբ օրենսդիր իշխանության թուլության, դատական իշխանության անկախության և մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ, ինչի մասին վկայում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ վճիռները և Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները", - ասվում է Վեհաժողովի բանաձևում, որը հիմնված է դանիացի խորհրդարանական Մոգենս Յենսենի զեկույցի վրա: