Արմինֆո.Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հարցն այլևս չի վերաբերում հայկական կողմին։ Այդ մասին Նյու Յորքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ՌԽԶ-ի հետագա ճակատագրի եւ հայ-ադրբեջանական կարգավորման մասին հարցին։
Ռուսաստանի նախարարը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ որոշիչ դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես է հաջողվել կանգնեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմբերին և ինչպես են համաձայնեցվել եռակողմ (հայ-ադրբեջանա - ռուսական) մի քանի փաստաթղթեր՝ բարձր մակարդակով: Այդ համատեքստում նա հավելել է, որ դրանցում սահմանվել են կարգավորման առանցքային պարամետրերը, այդ թվում՝ սահմանների սահմանազատման, առեւտրային եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը եւ խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ստեղծվել են երեք երկրների փոխվարչապետների մակարդակով համապատասխան կառույցներ, որոնք զբաղվում են հարցի տնտեսական կողմով ։
"Վերջին ժամանակներս մենք տեսնում ենք, թե ինչպես արդեն այդ բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո արևմտյան գործընկերները որոշեցին, որ, մի տեսակ, սխալ է, որ այդ ուղղությամբ Ռուսաստանին հաջողվում է առաջընթացի հասնել։ Նրանք սկսեցին հայերին ու ադրբեջանցիներին հրապուրել մեկ Բրյուսել, մեկ Փարիզ, մեկ Վաշինգտոն, մեկ Պրահա։ Ի դեպ, 2022 թվականին Չեխիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց մի փաստաթուղթ, որում ասվում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի սահմաններում։ Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ինչպես այն ժամանակ կոչվում էր Ղարաբաղը) Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Մեզ համար դա անակնկալ էր։ Մինչ այդ քննարկվում էին Ղարաբաղի կարգավիճակի խնդրի վերջնական լուծման տարբերակներ, բայց Հայաստանի վարչապետը դա արեց ինքնուրույն։ Այդ ժամանակից ի վեր կարգավիճակի հարցը, այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում Ղարաբաղը, փակված է", - նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Միևնույն ժամանակ, Լավրովը խոստովանել է, որ Արցախում Ռուսաստանն իսկապես խաղաղապահներ ունի, նույնիսկ, այն բանից հետո, երբ "բոլորը Ղարաբաղը ճանաչել են որպես ադրբեջանական տարածք":
"Այդ հարցն արդեն չի վերաբերում հայկական կողմին։ Դա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների հարց է։ Նախագահները քննարկել են այդ թեման, նրանք համակարծիք են եղել, որ այս փուլում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում տարածաշրջանում կայունության, վստահության ամրապնդման և Ղարաբաղի բնակիչների վերադարձին նպաստելու համար, որոնք կցանկանան դա անել", - եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը։ Նշենք, որ 2020թ ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ՌԽԶ-ը պետք է ներկա լիներ Արցախում մինչև 2025թ ․ նոյեմբեր ՝ մանդատի հետագա երկարաձգման հնարավորությամբ։ Սակայն, անցյալ տարվա սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից և ԼՂՀ հայաթափումից հետո հարց առաջացավ ամայի քաղաքում մնացած խաղաղապահների հետագա ճակատագրի մասին։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ