Արմինֆո.Չեխիայում և Ղրղզստանում ՀՀ դեսպանություններին կից կնշանակվեն ռազմական կցորդներ: Որոշումն ընդունվել է հունվարի 25-ին կառավարության նիստում։
Ինչպես ասվում է Չեխիա ռազմական կցորդ ուղարկելու մասին որոշման նախագծի հիմնավորման մեջ, նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը կունենա Չեխիայում հավատարմագրված ռազմական կցորդ, որը կհամակարգի պետությունների ռազմաքաղաքական համագործակցությունը, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև առաջարկություններ կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ: Չեխիայում ռազմական կցորդի պաշտոնը կհամատեղվի ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի պաշտոնի հետ:
Ղրղզստանում ռազմական կցորդ ուղարկելու մասին նախագծում նշվում է, որ Հայաստանն ու Ղրղզստանը պաշտպանության, ինչպես նաև ռազմատեխնիկական ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման զգալի ներուժ և հեռանկարներ ունեն: < Ղրղզստանում ռազմական կցորդի ներկայությունը կնպաստի պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը, նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը: Ռազմական կցորդի ներկայությունը կապահովի պաշտպանության ոլորտում հայ-ղրղզական հարաբերությունների բարձրացումը գործընկերության ավելի բարձր մակարդակի", - ասվում է փաստաթղթում ։ Ղրղզստանում ռազմական կցորդի պաշտոնը կհամատեղվի Ղազախստանի Հանրապետությունում ռազմական կցորդի պաշտոնի հետ:
Հավատարմագրված ռազմական կցորդները կիրականացնեն ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական հարաբերությունների հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման վերահսկում, աջակցություն Պաշտպանության նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպմանը: Ռազմական կցորդը, պաշտոնական հարաբերություններ հաստատելով հյուրընկալող պետության զինված ուժերի հրամանատարության հետ, ապահովելու է հայկական կողմի պաշտոնական ներկայացուցչությունը զորահանդեսներում, զորավարժություններում, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներում, տեղական ռազմական գերատեսչության հրավերով այցելելու է ռազմական օբյեկտներ և հաստատություններ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ ռազմական կցորդը միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով կարող է կատարել դիտարկման գործառույթներ: