Արմինֆո.Հունվարի 24-ի երեկոյան Ստրասբուրգում կընդունվի բանաձև, որը ենթադրում է Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների սահմանափակում:
Այդ փաստաթղթի նախագիծը հրապարակվել է ԵԽԽՎ կայքում։ Այն ունի յոթ կետ: Փաստաթղթում հիշեցվում է, որ 2001 թվականի հունվարի 25-ին միանալով Եվրոպայի խորհրդին՝ Ադրբեջանը համաձայնել է կատարել ԵԽԽՎ անդամի վրա դրված պարտավորությունները: "Վեհաժողովն ափսոսում է, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել դրանից բխող հիմնական պարտավորությունները։ Նախկինի պես շատ լուրջ մտահոգություններ են հարուցում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու նրա կարողությունը, իշխանությունների տարանջատումը, օրենսդիր իշխանության թուլությունը գործադիր իշխանության նկատմամբ, դատական իշխանության անկախությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, ինչի մասին վկայում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ որոշումները և իրավունքի միջոցով հանուն ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) եզրակացությունները" ։
Բանաձևում հիշատակվում է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Մասնավորապես, խոսվում է Լաչինի միջանցքում մարդու իրավունքների խախտման և այն մասին, որ ԵԽԽՎ-ը դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական բանակի ռազմական գործողությունը, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության փախուստին։
Բանաձևում առանձին կետով հիշատակվում է քաղբանտարկյալների խնդիրը և իշխանությունների կողմից մոնիտորինգային կոմիտեի զեկուցողներին քաղբանտարկյալների հետ հանդիպումների մերժումը: "ԵԽԽՎ-ն նաեւ ափսոսում է, որ իրեն չեն հրավիրել հետեւելու առաջիկա նախագահական ընտրություններին՝ չնայած նման հրավեր ուղարկելու Ադրբեջանի պարտավորությանը: Վեհաժողովն այդ մերժումները դիտարկում է որպես համագործակցության բացակայություն եւ դատապարտում է իշխանությունների կողմից Ադրբեջանում լրագրողների եւ իրավապաշտպանների կյանքի ու անվտանգության համար սպառնալիքների մասին զեկուցողի մուտքն Ադրբեջան թույլ չտալը, որին երեք անգամ մերժել են երկիր մուտք գործել: ԵԽԽՎ-ն նաև ափսոսում է, որ միգրացիայի, փախստականների և տեղահանվածների կոմիտեի զեկուցողը տարածաշրջան ճանաչողական այցի ժամանակ չի հրավիրվել Ադրբեջան և այդպիսով չի կարողացել մեկնել Լաչինի միջանցք: Այդ պատճառով Վեհաժողովը որոշում է չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները", - ասվում է փաստաթղթում ։
Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները կարող են վերականգնվել, երբ վերացվեն վերոնշյալ պատճառները, ասված է եզրակացության մեջ, հաղորդում է «Թուրանը»: