Արմինֆո. Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների` ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ։
Ավելի վաղ մարզի բնակիչները հաղորդել էին Վանաձորում պայթյունների մասին: Առաջացած խուճապի ֆոնին Լոռու մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. "Վանաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, շուրջ մեկ ժամ առաջ Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որն անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում: Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել, քանի որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք":