Արմինֆո.Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային կոմիտեն երեքշաբթի լիագումար նստաշրջանում խորհուրդ է տվել չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները: Որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ լարված քննարկումներից հետո։
Մոնիթորինգային կոմիտեն գտնում է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չպետք է հաստատվեն, առնվազն, մեկ տարի ժամկետով: Թե ԵԽԽՎ-ն ինչ ձևով կսահմանափակի ադրբեջանցի խորհրդարանականների լիազորությունները՝ հայտնի կդառնա հունվարի 24-ին կայանալիք քննարկման ժամանակ, որը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին: Լիագումար նստաշրջանը կարող է ամբողջությամբ կամ մասամբ սահմանափակել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակումը չի նշանակի Եվրոպայի խորհրդի այլ կառույցներում Ադրբեջանի մասնակցության կասեցում, հաղորդում է «Թուրանը»։
Նշենք, որ Ադրբեջանի լիազորությունները սահմանափակելու նախաձեռնությամբ նախօրեին հանդես է եկել գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն: Որպես պատճառ նա նշել Է Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակվող խախտումներն ու քաղբանտարկյալների թվի աճը, պաշտոնական Բաքվի կողմից ԵԽԽՎ պատվիրակությանը փետրվարի 7-ին կայանալիք նախագահական ընտրությունները գնահատելու հրավերի մերժումը: Նա նաև հիշատակել է 2023 թվականին Լաչինի միջանցք ԵԽԽՎ զեկուցողների մուտքի մերժումը Ադրբեջանի կողմից։ Այնուամենայնիվ, դա չի խանգարել կազմակերպությունում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին ընտրվել ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում: