Արմինֆո.«Freenews-ը չի պատկանում ոչ ինձ, ոչ իմ կնոջը, դրա մասին տեղեկությունը բաց է և ցանկության դեպքում բոլորին հասանելի», - Telegram-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Այսօր ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Freenews հեռուստաալիքը, որն, իբր, պատկանում է Հայաստանի խորհրդարանի խոսնակի տիկնոջը, հարկեր չի վճարում եւ, ընդհանրապես, հայտնվել է արտոնյալ վիճակում:
Ինչպես նշել է Սիմոնյանը, Հայաստանում վաղուց արտոնյալներ չկան, և հենց այն փաստը, որ նախարարությունը մի շարք լրատվամիջոցների շարքում գործընթաց է իրականացրել նշված մեդիայի նկատմամբ՝ դրա վառ ապացույցն է: «Բայց դե հասկանալի է, որ ավելի գրավիչ է Ալեն Սիմոնյանի անունից «կախվել», որ նախ՝ շատ մարդ կարդա, երկրորդը՝ իշխանությանը ներկայացնել՝ որպես հին բարքեր կրողի: Սպասենք այլ նմանատիպ վերնագրերի և շահարկումների: Օրինակ՝ «Հացի խանութը, որտեղից Ալեն Սիմոնյանը հաց է գնել, չի մուծում հարկերը», կամ «Ալեն Սիմոնյանի Ռուանդա այցից հետո ձյան առատ տեղումներ են սկսվել, կփակվի՞ արդյոք Լարսի անցակետը: Լավ եք, էլի.. Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք», - նշել է խոսնակը։