Արմինֆո.Երևանում բժիշկներն առաջիկայում կտեղաշարժվեն նաեւ մոպեդներով՝ շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Այդ մասին հայտարարվել է հունվարի 22-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային նիստի ժամանակ։
Ինչպես նշել է "Շտապբուժօգնություն" ՓԲԸ-ի ներկայացուցիչը, մոպեդներով տեղաշարժը կիրականացվի բացառապես առաջին բուժօգնության համար, այլ ոչ թե՝ այն դեպքերում, երբ հիվանդանոցային բուժում է պահանջվում:
Նա նշել է, որ Երևանի ավելի քան 1 մլն բնակչության հաշվարկով շտապ օգնության 53-55 մեքենա է անհրաժեշտ: Մինչդեռ, փաստորեն, առկա է 43-ը: Հաստատությունն այդ առնչությամբ դիմել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ խնդրելով ավելացնել դրանց թիվը։
Այս կապակցությամբ նիստի ընթացքում ներկայացվել է նաև շտապօգնության ծառայության ուշացումների վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես, հունվարի առաջին 18 օրվա ընթացքում ստացվել է 19 595 շտապ օգնության կանչ, որից 9,5%-ը կամ 1 829-ը ուշացման դեպքեր են:-