Արմինֆո. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հաջողված է համարել Հայաստանում անցկացրած երկու օրերը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում ՝ վերահաստատելով ԵՄ հետագա աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը:
"Ոգևորված եմ Բաքվի և Երևանի միջև բովանդակալից երկկողմ շփումներով։ Անհամբերությամբ սպասում եմ Ադրբեջանի ընտրություններից հետո փոխգործակցության լիակատար վերսկսմանը", - ընդգծել է նա։
Նշենք, որ Հայաստան կատարած այցի շրջանակներում Տոյվո Կլաարը հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը, ինչպես նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացի սկզբունքներն ու իրավական հիմքերը: Երևանում Կլաարը հանդիպել է նաև ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ: Վերջինի հետ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հաստատման հետ կապված հարցեր։ Այդ համատեքստում ԱԳ փոխնախարարն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում տեղ գտած ապակառուցողական և խաղաղության օրակարգից շեղվող արտահայտությունների վրա:
Մասնավորապես, Ալիևը հարցազրույցում հայտարարել էր, որ Բաքուն մտադիր չէ զորքերը "հայելային" ձևով հետ քաշել Հայաստանի հետ սահմանից: Նա նաև նշել էր, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը չպետք է կախված լինի սահմանագծման հարցից, քանի որ Ադրբեջանը ներկայումս չի ավարտել սահմանագծումը նաև հարևան մյուս երկրների հետ: Իսկ, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" բացումը Ադրբեջանի առաջնորդը Հայաստանի հետ սահմանի բացման պայման է անվանել։