Արմինֆո. ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները բանակցություններ են վարում Երևանում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ,
Հունվարի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղության հաստատմանը վերաբերող վերջին զարգացումները: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը իր զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում հնչած ապակառուցողական ու խաղաղության օրակարգից շեղող հայտարարություններին։ Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը շեշտել է, որ ԽՍՀՄ նախկին անդամ պետությունները, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը, միմյանց սահմանները ճանաչում են 1991թ․ դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ԽՍՀՄ փլուզման պահին առկա ամենավերջին քարտեզների հիման վրա: Նախարարի տեղակալը նաև ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման հրամայականը։ Վահան Կոստանյանն արձանագրել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, որի 4 հայտնի սկզբունքները՝ ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն ու հավասարություն, ավելի վաղ արդեն իսկ համաձայնեցվել էին կողմերի միջև:
Նույն օրը Վահան Կոստանյանը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցերը: Անդրադարձ է կատարվել ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Վահան Կոստանյանն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները՝ հանրահայտ սկզբունքներին համահունչ։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները հակասում են բանակցությունների ողջ տրամաբանությանը: Այս համատեքստում նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հասցեական գործողությունների անհրաժեշտությունը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության և խաղաղության պահպանմանը։