Արմինֆո.Բաքվում կրկին հիստերիայի մեջ են ընկել։ Այս անգամ առիթը Ֆրանսիայի Սենատի բանաձևն էր, որով կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:
Ինչպես հայտնի է դարձել ադրբեջանական ԶԼՄ-ներից, ի պատասխան՝ Միլլի մեջլիսի միջազգային հարաբերությունների կոմիտեն պաշտոնական Բաքվին կոչ է արել պատասխան միջոցներ ձեռնարկել Փարիզի դեմ: Մասնավորապես, առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի նկատմամբ, սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների բոլոր տեսակի ակտիվները, դադարեցնել բոլոր տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ: Առաջարկվում է նաև Ադրբեջանից դուրս բերել ֆրանսիական բոլոր ընկերությունները, ներառյալ Total-ը: Թույլ չտալ ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը Ադրբեջանի պատվերով իրականացվող ցանկացած նախագծում։ Ադրբեջանի ԱԳՆ-ին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել Կանակիի, Մաոհի Նուիի և Կորսիկայի անկախությունը ճանաչելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն բանաձեւ է ընդունել՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ ՝ Արցախի դեմ ագրեսիայի պատճառով: Փաստաթղթում նաև կոչ է արվում ապահովել արցախցիների՝ իրենց տները վերադառնալու իրավունքը և աջակցություն է հայտնվում Հայաստանի ինքնիշխանությանը։ Փաստաթուղթը խորհրդատվական բնույթ է կրում։