Արմինֆո.Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները կարող են լրջորեն խաթարել խաղաղության գործընթացը: Այդ մասին Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հայտարարել է ԵԽ Նախարարների կոմիտեի նիստում՝ քաղաքական հարցերի քննարկման ժամանակ։
Խաչատրյանը նշել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելը և Հայաստանի նկատմամբ նոր պահանջների առաջադրումը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Դեսպանը կոչ է արել նախարարների կոմիտեին լինել հետևողական և հստակ քայլեր ձեռնարկել ՝ Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար:
Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի կողմից Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ հրապարակված զեկույցին: Այս առիթով դեսպանն ընդգծել է, որ հանձնակատար Միյատովիչի արձանագրությունները հստակ բացահայտում են Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման հանգամանքների վերաբերյալ Ադրբեջանի հավակնությունների անհիմն լինելը:
Խաչատրյանն իր խոսքն ավարտել է ՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման գործընթացին՝ նախկինում համաձայնեցված սկզբունքներին համապատասխան:
Նշենք, որ անցած շաբաթ Ադրբեջանի նախագահը սպառնալիքների նոր փաթեթ էր հնչեցրել Հայաստանի հասցեին։ Այն բացահայտորեն տարածքային նկրտումներ է արտահայտում Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ։ Եվ դա անում է ողջ քաղաքակիրթ միջազգային հանրության լռության ֆոնին։