Արմինֆո. Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան որոշել է Ֆրանսիայի Սենատին դաս տալ, սակայն խիստ քննադատության է ենթարկվել Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի կողմից:
Ադրբեջանի դեսպանը, արձագանքելով հաղորդմանն այն մասին, որ Ֆրանսիայի Սենատը մտադիր է քննարկել բանաձեւի նախագիծ, որն, ի թիվս այլ բաների, առաջարկում է դատապարտել Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ եւ պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ, մասնավորապես, գրել է. "Սենատի ուշադրությանը. թիվ 157 բանաձևի նախագիծը հիմնված է իրականությունից հեռու սխալ տեղեկատվության վրա։ Տարածաշրջանում կայուն խաղաղության հեռանկարը պահանջում է, որ բոլորը բարձրանան խնդիրների մակարդակի, այլ ոչ թե կրակը բորբոքեն"։
Աբդուլլաեւան իր գրառմանը կոշտ պատասխան է ստացել ֆրանսիացի եվրախորհրդարանականից, ով ադրբեջանցի դիվանագետին խորհուրդ է տվել ուսումնասիրել ժողովրդավարության հիմքերը: "Քննադատելով ֆրանսիական թերթը՝ Ադրբեջանի դեսպանը հիմա էլ որոշել է ցուցում տալ Ֆրանսիայի Սենատին, թե ինչի մասին այն պետք է մտածի։ Ինչ-որ մեկը նրան պատմե՞լ է, թե ինչ է ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը: Թվում է՝ նա անտեսում է դա, ինչպես անտեսում է Ֆրանսիայի և Հայաստանի սերտ կապերը", - գրել է Լուազոն Twitter-ի (X) իր միկրոբլոգում։
Նշենք, որ հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծը, որը ներառում է ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու ցանկացած փորձ կանխելու, ինչպես նաև Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչ և նշվում է հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը: