Արմինֆո.Եվրախորհրդարանը չի դիտարկելու Ադրբեջանում նախագահական ընտրությունները եւ, հետեւաբար, չի մեկնաբանի ոչ գործընթացը, ոչ արդյունքները, որոնք կհայտարարվեն հետագայում: Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։
"Հետևաբար, եթե Եվրախորհրդարանի որևէ անդամ որոշի մեկնաբանել այդ ընտրությունները, նա դա կանի իր սեփական նախաձեռնությամբ և ոչ մի դեպքում չպետք է ներկայացնի կամ պարտավորեցնի Եվրախորհրդարանին որևէ հայտարարությամբ կամ գործողությամբ", - նշվում է հայտարարությունում, որն ստորագրել են արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ, Եվրոպական խորհրդարանի ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խմբի համանախագահ Դեյվիդ Մաքալիսթերը և զարգացման հանձնաժողովի նախագահ, Եվրոպական խորհրդարանի ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խմբի համանախագահ Թոմաս Տոբեն:
Նշենք, որ 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2023 թվականի դեկտեմբերի 19-ին հաստատել է 7 քաղաքական գործիչների, այդ թվում ՝ ԱՀ ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունները իշխող "Ենի Ազերբայջան"կուսակցությունից։ Հունվարի սկզբին Բաքվում իր աշխատանքն է սկսել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը: Այդ կազմակերպությունն Ադրբեջանի նախագահական ընտրություններին կուղարկի ավելի քան 300 դիտորդ՝ 26 երկարաժամկետ և 280 կարճաժամկետ: Ադրբեջանի կառավարության հրավերով ընտրարշավին կհետևի նաև Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելությունը, որը կգլխավորի ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: