Արմինֆո.Օրենքի ուժով արդեն երկու շաբաթ է կասեցվել է՝ Ալավերդու ինքնահռչակ համայնքապետի լիազորությունները՝ մինչև դատարանի վերջնական որոշումը, սակայն սույն անձնավորությունը շարունակում է իր զոռբայությունը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը:
«Դիմել ենք Գլխավոր դատախազին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ սույն անձնավորության ապօրինի գործունեությունը դադարեցնելու հարցով։ Հուսով եմ, որ Գլխավոր դատախազը մաս չի կազմի իշխանությունը զոռբայությամբ և օրենքի կոպիտ խախտումներով խլած կուսակցությանը։ Միևնույն ժամանակ, առաջարկում եմ Ալավերդու զոռբայապետի համար պարբերաբար իրականացնել իրավաբանական խորհրդատվություններ, թե չէ մեր իրավաբանները չեն հասցնում սույն անձնավորության ապօրինություններին հետևել», - գրել է նա։
Նշենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 5 - ին հրավիրվել էր քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որին ներկա էին ավագանու 27 անդամներից 14 - ը, որոնցից 13-ը ՝ ՔՊ խմբակցության անդամներ, իսկ մեկը ՝ "Ապրելու երկիր" խմբակցության շարքերը լքած, "անկախ" դարձած Սիմոն Զախարովը ։ Ավագանու անդամները միաձայն քվեարկեցին և անվստահություն հայտնեցին "Ապրելու երկիր" խմբակցության անդամ Արկադի Թամազյանին, որից հետո Դավիթ Ղումայանն ընտրվեց քաղաքապետ: Ավագանու այս որոշումը հարուցել է բնակիչների դժգոհությունը։