Արմինֆո.Հայաստանում կպարզեցվեն զենք ունենալու և այն կիրառելու կանոնները՝ առանց վնասելու հասարակական անվտանգությանը։ Ազգային ժողովը հունվարի 15-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է "Զենքի շրջանառության կարգավորման մասին" օրենքի փոփոխությունները:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի խոսքով ՝ օրենքն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունիսի 1-ից: Դրանից հետո, ուսումնասիրելով, թե ինչպես է գործնականում կիրառվում օրենքը, նա առաջարկել է մի շարք փոփոխություններ կատարել դրանում: Մասնավորապես, նախագծի ներկայիս տարբերակում զենքի դասակարգման մեջ առաջարկվում է հանել "ծառայողական" կատեգորիան ՝ թողնելով միայն քաղաքացիական և մարտական։ Այսպիսով, ատրճանակները դասվում են քաղաքացիական զենքի շարքին։ Բացի այդ, ներկայիս օրենսդրության համաձայն, դրանք կարող են ձեռք բերել միայն առնվազն 20 տարվա ծառայության փորձ ունեցող զինվորականները՝ գնդապետից ոչ ցածր կոչումով: Այժմ առաջարկվում է նշաձողը իջեցնել մինչեւ փոխգնդապետ։ Առաջարկվում է նաև արգելք սահմանել ինքնաշեն զենքի նկատմամբ. այն վերաբերելու է ոչ միայն հրազենին, այլև ցանկացած այլ տեսակի զենքի: Այնուհետև առաջարկվում է կրճատել այն հեռավորությունը, որից ավելի մոտ չի կարելի կիրառել ակոսավոր զենք (բացառությամբ հրաձգարանների)։ Արգելքն առաջարկվում է բնակավայրերից եւ ճանապարհներից 5 հազար մետրից նվազեցնել մինչեւ 3 հազար մետր։ Հարթափող զենքի համար առաջարկվում է արգելքը թողնել 500 մետր։ Բացի այդ, առաջարկվում է զենքի հետ վարվելու քննություններից ազատել զինվորական ծառայություն անցած անձանց. նրանց համար առաջարկվում է թողնել միայն տեսական քննությունները: