Արմինֆո.Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 14-ին Դավոսում Ազգային անվտանգության հարցերով խորհրդականների «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպման շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել:
Հայաստանի ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, հունվարի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղարը Դավոսում երկկողմ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և այդ հարաբերությունների օրակարգն առավել զարգացնելու հարցեր: Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ:
Հունվարի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոսում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դիվանագիտական խորհրդական Ֆերնանդո Գիմարաեսի և Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԱՄՆ գործընկերության օրակարգերի հարցեր, ինչպես նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին ցուցաբերվող օգնության օրակարգը, որն ուղղված է աջակցելու Հայաստանի անկախությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը:
Դավոսում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է նաեւ ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև անվտանգության ոլորտում համագործակցելու օրակարգային հարցերի և ձևավորված երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ: Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է վերջին զարգացումները: