Արմինֆո.Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում (Permanent Court of Arbitration) կայացած ընթացակարգային հարցերով հանդիպմանը՝ 2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի (Energy Charter Treaty – ECT) համաձայն նախաձեռնած արբիտրաժի շրջանակներում: Այդ մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:
«Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է նշված արբիտրաժային վարույթի ընթացակարգային կանոնների վերջնականացումը, ինչպես նաև Արբիտրաժային վարույթի պատեհ փուլում պատրաստվում է ներկայացնել իր փաստարկներն ու ապացույցները Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին», - ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ՝ 2023 թվականի փետրվարի 27-ին, Ադրբեջանը նախաձեռնել էր արբիտրաժային գործընթաց ՝ պահանջելով «փոխհատուցում Հայաստանի կողմից էներգետիկ խարտիային կից պայմանագրի բազմաթիվ դրույթների և միջազգային իրավունքի սկզբունքների խախտման համար»։ Ադրբեջանի արբիտրաժային ծանուցման մեջ պարզաբանվում է, որ Հայաստանը, իբր, խախտել է իր միջազգային պարտավորությունները, հրաժարվելով ճանաչել և հարգել «Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները էներգետիկ ռեսուրսների նկատմամբ, որոնք գտնվում են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում ՝ ղարաբաղյան տարածաշրջանում, որը 30 տարի շարունակ գտնվել է Հայաստանի օկուպացիայի տակ»: Նշվում է, որ օկուպացիայի շրջանում Հայաստանն ապօրինաբար զրկել է Ադրբեջանին իր էներգառեսուրսների հասանելիությունից և դրանց մշակման հնարավորությունից, ինչպես նաև զավթել է այդ ռեսուրսները սեփական շահագործման և հարստացման համար: