Արմինֆո.Հայ-թուրքական սահմանի "Մարգարա" անցակետը պատրաստ է շահագործման։ Այդ մասին հայտարարել է ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը՝ հունվարի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը 2023 թվականի հունվարին հաղորդել էր, որ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել նոր թափ հաղորդել երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման աշխատանքներին։ "Երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման վերաբերյալ մեր նախարարն իր ելույթում նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հարցի շուրջ աշխատանքին նոր թափ հաղորդելու վերաբերյալ։ Երկու նախարարները եկել են այդ մասին համաձայնության, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի կարճ ժամանակում սկսենք Մարգարայի կամրջի շահագործումը", - ասել էր Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը՝ ներկայացնելով Անկարայում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման արդյունքները։
Ապրիլի 21-ին ՀՀ կառավարությունը 28 մլն 291 հազար դրամ (մոտ 72,9 հազար դոլար) էր հատկացրել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում (հայ-թուրքական սահման) Մարգարայի մաքսակետի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներին: Փաստաթղթին կից պարզաբանման մեջ նշված է, որ մաքսային հսկողության գործընթացի իրականացման համար նշված տարածքում նախատեսվում է կառուցել նոր մաքսակետ: Եվ քանի որ շինարարությունը պետք է ավարտվի սեղմ ժամկետներում, նախագծման և շինարարության աշխատանքները զուգահեռ կընթանան, իսկ բուն շինարարությունը տեղի կունենա առանց մրցույթ հայտարարելու: Մայիսի վերջին ՊԵԿ-ը պայմանագիր էր կնքել "Արբակ և որդիներ" ՍՊԸ-ի հետ ՝ նախագծանախահաշվային աշխատանքների նախապատրաստման համար: Ըստ նախագծի՝ նախատեսվում է կառուցել մեկ հարկանի սպասարկման սրահ, երկու տաղավար ՝ բեռների ձևակերպման համար, երկու տաղավար ՝ հերթապահ հերթափոխի հանգստի համար, մեկ հարկանի մաքսային զննման մասնաշենք, ավտոկայանատեղիներ, հարթակներ, ներքին ճանապարհներ, երկու հսկիչ - անցագրային կետ և մեկ հարկանի պահեստ:
«Մարգարայի անցակետն ամբողջությամբ հիմնանորոգված է և պատրաստ է շահագործման: Մաքսային-տեխնիկական միջոցների, անձնագրային հսկողության, ինչպես նաև սահմանապահ ծառայության տեսանկյունից բոլոր տեխնիկական և ենթակառուցվածքային օբյեկտները պատրաստ են, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կերպով իրականացնել ուղևորների սպասարկումը», - ասել է Կարեն Թամազյանը: