Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը խուսափել են ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք Հարավային Կովկաս այցի շրջանակում նախատեսվում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի այց Ադրբեջան:
ԱրմԻնֆո-ում ԱՄՆ դեսպանատնից հետաքրքրվել են, թե արդյոք իրականությանը համապատասխանում է ադրբեջանական մի շարք աղբյուրների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Ադրբեջանը հրաժարվել է ընդունել Լուիս Բոնոյին Բաքվում, և նա Երևանում հանդիպումներից հետո ստիպված է եղել վերադառնալ Վաշինգտոն: Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը միայն պատասխանել են. "Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հաճախ է այցելում տարածաշրջան ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու ուղիները։ Խաղաղության գործընթացին աջակցելու նպատակով պ-ն Բոնոն պարբերաբար հանդիպումներ է ունենում հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ Հայաստանում և Ադրբեջանում։ Մենք պատրաստ ենք օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին"։
Նշենք, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների վարկածի, Բոնոյի հետ հանդիպումից հրաժարվելը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի քանի օր առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտը աշխարհում կրոնական ազատությունների մասին հատուկ զեկույցում Ադրբեջանը ներառել էր "հսկողության տակ գտնվող երկրների" ցանկում: Պաշտոնական Բաքուն այդ քայլը որակել է որպես "Ադրբեջանի նկատմամբ կողմնակալության հերթական դրսևորում", հավելելով, որ Ադրբեջանի ներառումը կրոնական սահմանափակ ազատությամբ պետությունների ցանկում "հերթական անգամ հաստատում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու Վաշինգտոնի մտադրության անկեղծ չլիինելը":