Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է մեկնարկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում՝ պետական բյուջեի միջոցներով կառուցվող՝ մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ՝ դրանց նախագծման, հեղինակային եւ տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության եւ արդյունավետության վերահսկողության նպատակով։
ՊՎԾ հաղորդագրության համաձայն, ուսումնասիրության ենթակա օբյեկտներն են՝
- ՀՀ Արարատի մարզի Դեղձուտ բնակավայրի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) նոր շենք,
- ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի ծանրամարտի նոր մարզադահլիճ,
- ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա բնակավայրի «Է.Դաշտոյանի անվ. միջնակարգ դպրոցի» նոր մարզադահլիճ,
- ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ծովակալ Իսակովի անվ. թիվ 23 հիմնական դպրոցի» նոր մարզադահլիճ,
- ՀՀ Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրի միջնակարգ դպրոցի նոր շենք։
Հիշեցնենք, որ կառավարությանն առընթեր Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանն ու Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը կառավարության հունվարի 4-ի որոշմամբ ազատվել էին աշխատանքից: Ըստ լրատվամիջոցների՝ որոշումը վարչապետը կայացրել էր համայնքներում կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով հունվարի 3-ին Լոռու մարզ կատարած այցից հետո: Փաշինյանը, ծանոթանալով Լոռու մարզի դպրոցներում կառուցված մարզադահլիճների վիճակին, խիստ դժգոհ էր մնացել կառուցված տարածքների որակից: Հունվարի 5-ին Արմավիրի մարզ կատարած այցից հետո պաշտոնանկ էր արվել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը: