Արմինֆո. Հայաստանի տարածքում ռուս սահմանապահների գտնվելու անօրինականության մասին պնդումներն իրավական տեսանկյունից անհիմն են, էլ չեմ խոսում հարցի քաղաքական կողմի մասին։ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը' ի պատասխան հանրապետության տարածքում ռուս սահմանապահների գտնվելու ոչ իրավաչափ լինելու մասին տարածվող կեղծ պնդումները մեկնաբանելու խնդրանքի, քանի որ պայմանագիրն, իբր, չի վավերացվել երկրի համապատասխան մարմինների կողմից:
Հարությունյանը խոստովանել է, որ անձամբ, լինելով Հայաստանի վարչապետ (1992-1993 թթ.-խմբ.), ստորագրել է այդ փաստաթուղթը ։ "Եվ այն պահին գործող օրենքը կառավարությանը թույլ էր տալիս որոշակի պայմանագրեր մտցնել գործողության մեջ՝ առանց խորհրդարանի վավերացման, սա՝ առաջինը։ Եվ, երկրորդ, համաձայնեք, որ վարչապետը չի կարող և պարտավոր չէ հասկանալ իրավական բոլոր նրբությունները։ Դրա համար գոյություն ունի կառավարության ղեկավարի մի ողջ աշխատակազմ", - նշել է քաղաքական գործիչը։
Այս առումով նա փաստել է, որ այդ հարցը ժամանակին ուսումնասիրել են գրագետ իրավաբանները, որոնք հարկ եղած դեպքում իրեն կզգուշացնեին, թե, պարոն վարչապետ, այդ փաստաթուղթը չի կարող գործի դրվել, քանի որ չի անցել որոշակի ընթացակարգեր։ "Ինձ նման բան չի ասվել, և, ըստ այդմ, իմ կողմից ստորագրված այդ փաստաթուղթը չի հակասում այն ժամանակ, միջպետական պայմանագրի ստորագրման պահին, Հայաստանում գործող օրենքներին: Իրավական հիմնավորվածության տեսանկյունից փաստաթուղթը լիովին համապատասխանում է այդ պահանջներին։ Սա՝ առաջին", - նշել է Հարությունյանը։
"Երկրորդ, -շարունակել է նախկին վարչապետը, - եթե հիշողությունս չի դավաճանում, Հայաստանի տարածքում ռուսական սահմանապահ զորքերի կացության կարգավիճակի հարցին վերադառնում էին դեռ 1994 թվականին։ Նրա խոսքով ՝ այդ ժամանակ էլ կազմվել և կնքվել է պայմանագիր, որն անցել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը փաստաթուղթը շրջանառության մեջ դնելու համար։ Այնպես որ, եթե ինչ-որ մեկը ցանկանում է հասկանալ Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի իրավական հիմքերը, նրանք կարող են հիմք ընդունել, եթե չեմ սխալվում, 1994 թվականին կնքված պայմանագիրը։ Համենայն դեպս, ռուսական սահմանապահ զորքերի կարգավիճակը Հայաստանում որոշվում է ոչ թե այն փաստաթղթով, որը ստորագրվել է իմ կողմից՝ 1992 թվականին, այլ նրանով, որը կնքվել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ավելի ուշ", - պարզաբանել է քաղաքական գործիչը, եւս մեկ անգամ ընդգծելով, որ այն փաստաթուղթը, որն ինքն ստորագրել է 1992 թվականին, լիիրավ է եւ լիարժեք իրավական հիմնավորվածություն ունի ։
Անդրադառնակով ճշգրրտող հարցին, թե ինչ նպատակ են հետապնդում նման տեղեկատվական լցոնումները, Հարությունյանը նշել է, որ այդ վարկածը սոցիալական ցանցերում շրջանառության մեջ է դրել ՀԿ-ի բոլորովին պատահական ներկայացուցիչը, որը երբեք ոչ մի կապ չի ունեցել ոչ կառավարության, ոչ քաղաքականության հետ: "Ուստի, ես լուրջ ուշադրություն չէի դարձնի նման լցոնումներին, առավել ևս, որ ՀՀ տարածքում ռուսական սահմանապահ զորքերի կարգավիճակը որոշվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանագրով, որն անցել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը", - ամփոփել է քաղաքական գործիչը:
Նշենք, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերի հայկական հատվածում որոշակի պարբերականությամբ սկսել է շրջանառվել տեղեկատվություն Հայաստանի տարածքում ռուս սահմանապահների գտնվելու ոչ իրավաչափության մասին: Ի սկզբանե այդ կապակցությամբ մեծ տեքստ էր հրապարակվել "Իրազեկ քաղաքացիների միավորում" ՀԿ կայքում՝ Ռուզաննա Ավագիմյանի հեղինակությամբ, ով պնդում է, որ անկախության մասին հռչակագրի 5-րդ կետի համաձայն, այլ երկրների զորամիավորումները, դրանց ռազմակայաններն ու շինությունները կարող են տեղակայվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի (խորհրդարանի-խմբ.) որոշմամբ: Այնուհետև այդ տեղեկատվությունը որոշակի պարբերականությամբ պտտվում է հայկական տարբեր թելեգրամյան ալիքներով։ Շեշտադրումն այն է, որ Հայաստանի խորհրդարանը երբեք չի վավերացրել ՀՀ տարածքում ռուսական սահմանապահ զորքերի մասին պայմանագիրը, ինչը նշանակում է, որ ռուս սահմանապահների գործունեությունն ինչպես հայ - իրանական, այնպես էլ հայ-թուրքական սահմանին, ինչպես նաև "Զվարթնոց" օդանավակայանում անօրինական է, և վերջիններս իրավունք չունեն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի փոխարեն իրականացնել ՀՀ պետական սահմանը հատող քաղաքացիների անձնագրերի ստուգում և տրամադրում:
Հիշեցնենք, որ Հայաստանում ռուս սահմանապահների ներկայիս գտնվելու հիմքը հանրապետության տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագիրն է, որը կնքվել է Երևանում 1992թ. սեպտեմբերի 30-ին: ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ներառում է 4 սահմանապահ ջոկատ՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին անցակետ Երևանի "Զվարթնոց" միջազգային օդանավակայանում: Հայաստանում ռուս սահմանապահների պահումը երկու պետությունների կառավարությունների կողմից ապահովվում է մոտավորապես հավասար։ Ի տարբերություն ռուսական ռազմակայանի, որտեղ ծառայում են բացառապես Ռուսաստանի քաղաքացիներ, հանրապետությունում ՌԴ սահմանապահ զորքերում ծառայելու իրավունք ունեն նաև Հայաստանի քաղաքացիները: