Արմինֆո."Մենք հավատում ենք երկխոսությանը։ Ժողովրդավարություն, դիվանագիտություն և երկխոսություն. ահա այն երեք բառերը, որոնք կարող են ընկած լինել վեճերի լուծման հիմքում, մեր կարծիքով", - հունվարի 10-ին մամլո ասուլիսում հայտարարել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը' ի պատասխան այն հարցի, թե արդյոք Աթենքում հավատում են Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը:
"Մենք կարծում ենք, որ շահագրգիռ կողմերը պետք է ներգրավվեն մշտական երկխոսության մեջ։ Կարծում եմ, որ Հայաստանի կառավարության ներկայացրած "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը խնդրի լուծման շատ իրատեսական, կայուն և արդարացի տարբերակ է: Կարծում ենք, որ բանակցային գործընթացը պետք է հստակ արտացոլի մի շարք առանցքային հարցեր։ Պետք է հստակ սահմանվի սահմանագծման գործընթացը, որպեսզի բացառվի ապագայում բարբարոսությունների դրսևորումը։ Երկու կողմերն էլ պետք է ներգրավված լինեն գործընթացում, եւ, կարծում եմ, որ նպատակին հասնելու իրական շանս կա", - նշել է հույն դիվանագետը՝ ընդգծելով ուժի կիրառման անթույլատրելիությունը։
Միևնույն ժամանակ, իր ներածական խոսքում նա նշել է, որ Հունաստանն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Ավելին, նա ընդգծել է, որ Աթենքը օգնություն է ցուցաբերել այդ զանգվածային բարբարոսական գործողությունների հետևանքով կարիքավորներին (Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից հայերի վտարումը-խմբ.): "Հունաստանը հենվում է հիմնարար սկզբունքների վրա և ճանաչում է տարածաշրջանային ինքնիշխանությունը, համարելով, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ տանել անկյունաքարային սկզբունքներով։ Հունաստանը բացառում է ուժի կիրառումն ու ագրեսիան, խրախուսում է երկխոսությունը", - ընդգծել է նախարարը, հավելելով, որ Աթենքն աջակցում է դրական քայլերին, ինչպիսիք են գերիների երկկողմանի ազատ արձակումը և կողմերի միջև վստահության մակարդակի բարձրացումը:
"Հուսով ենք, որ բանակցությունները կվերսկսվեն այս տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակով։ Առաջնորդող սկզբունքը պետք է լինի տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության և հարևանների հետ բարեկամական հարաբերությունների հաստատումը", - հայտարարել է հույն նախարարը, ևս մեկ անգամ ընդգծելով այն կարևորությունը, որ Հունաստանը տալիս է Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի կարիքներին: Նա նշել է Հայաստանին օգնելու պատրաստակամությունը ինչպես մարդասիրական ծրագրերում, այնպես էլ խաղաղույթյան գործընթացներում։ "Կարող եք ապավինել մեզ ամեն ինչում", - ամփոփել է Հունաստանի ԱԳ նախարարը: