Արմինֆո.Ֆրանսիայի ԱԳՆ-ն Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել հանրապետությունում ձերբակալված ֆրանսիացի գործարար Մարտեն Ռիանին: Այդ մասին հաղորդում է AFP գործակալությունը ՝ վկայակոչելով գերատեսչությանը։
Գործակալությունում ընդգծել են, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ում հաստատել են դեկտեմբերի սկզբից Ադրբեջանի իշխանությունների կողմից ֆրանսիացի քաղաքացուն բանտում պահելու փաստը և ձերբակալությունը որակել են կամայական: "Ինչպես մենք արդեն առիթ ենք ունեցել մատնանշելու Ադրբեջանի իշխանություններին, մենք այդ ձերբակալությունը համարում ենք կամայական և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին", - հայտարարել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Ավելի վաղ Փարիզում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հայտարարել էր, որ ֆրանսիացի գործարարը ձերբակալվել է Ադրբեջանում դեկտեմբերի 4-ին, այնուհետև չորս ամսով կալանավորվել է "լրտեսության" մեղադրանքով: Ինչպես հայտարարել է Աբդուլաևան, Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունն այդ մասին տեղեկացվել է "բանավոր նոտայով", և այդ ժամանակից ի վեր Մարտեն Ռիանին մի քանի անգամ այցելել են Ֆրանսիայի հյուպատոսության ներկայացուցիչները:
Մարտին Ռիանի կալանավորման մասին ավելի վաղ գրել էին ադրբեջանական լրատվամիջոցները: Նրանք Ռիանին անվանել են "Ադրբեջանում Ֆրանսիայի արտաքին հետախուզության գլխավոր վարչության օգտին լրտեսական գործունեության համար ձերբակալվածներից մեկը"։ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունն այդ առնչությամբ ոչինչ չի հաղորդել, ֆրանսիական իշխանությունները ևս ոչ մի հայտարարություն չեն արել Ադրբեջանում Ֆրանսիայի այլ քաղաքացիների հնարավոր ձերբակալման մասին ՝ լրտեսության մեղադրանքով:
Մարտեն Ռիանին Ադրբեջանում ձերբակալել են Փարիզի և Բաքվի միջև հարաբերությունների սրման ֆոնին:
Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կտրուկ մեղադրանքներ է հնչեցրել Փարիզի հասցեին՝ այն բանից հետո, երբ Ֆրանսիայում հայտարարել են Հայաստանին ՀՕՊ համակարգեր մատակարարելու մասին: Ալիևը Փարիզին մեղադրել է "տարածաշրջանում նոր պատերազմների համար հող նախապատրաստելու համար"։
Իր հերթին՝ Փարիզն Ադրբեջանի հետ կապ ունեցող գործիչներին մեղադրել է մանիպուլյացիաների արշավ կազմակերպելու համար, որն ուղղված է 2024 թվականի Օլիմպիադան անցկացնելու Ֆրանսիայի ունակության առնչությամբ նրա հեղինակության խաթարմանը: Դեկտեմբերին Փարիզի և Բաքվի միջև լարվածությունն աճել էր դիվանագետների փոխադարձ արտաքսումից հետո։
Ձերբակալվածի հայրը՝ Ռիշար Ռիանը, հաղորդել է, որ որդուց լուր ունի։ "Մենք նրա հետ խոսել ենք չորս անգամ, ամեն անգամ՝ երկու րոպե ։ Նա ասաց, որ իր նկատմամբ լավ են վերաբերվում, և որ իր փաստաբանի հետ հարաբերությունները լավ են", - ասել է նա AFP-ին: Նրա խոսքով ՝ Մարտեն Ռիանը կապ է տեսնում իր գործի և երկու երկրների միջև դիվանագիտական լարվածության միջև: Ավելի վաղ նա հրապարակավ հանդես էր եկել ադրբեջանամետ հայտարարություններով: Մարտին Ռիանն իրեն մեղավոր չի ճանաչում Ադրբեջանում լրտեսության համար: