Արմինֆո.ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի առավոտյան դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով` https://armroad.am/am/news/inner/News_29.12.2023
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ)», - ասվում է հաղորդագրությունում:
Նաեւ հաղորդվում է, որ, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։