Արմինֆո. Ռուսաստանը որևէ կերպ չի խանգարում մեզ ձեռնարկել կարևոր դիվանագիտական ջանքեր, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ են Հայաստանին և Ադրբեջանին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ջանքեր գործադրել։
Հարցին, թե երբ, ամենայն հավանականությամբ, կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, Միլլերը, չմանրամասնելով, նշել է, որ Պետդեպարտամենտը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա, երբ կողմերի միջև հանդիպում նախատեսված կլինի:
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերին հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել էր 2024 թվականի հունվարին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին։ «Այս պահին մենք չունենք խաղաղության պայմանագրի վերջնական և համաձայնեցված նախագիծ, որը պատրաստ է ստորագրման։ Հուսով ենք, որ հունվարին ԱԳՆ մակարդակով կայանալիք հանդիպմանը, որին համաձայնություն է տվել նաև Ադրբեջանը, մենք կհամաձայնեցնենք այդ տեքստը", - ասել է նա։
Սակայն Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ արտգործնախարարների առաջիկա հանդիպման վայրի և ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն չկա: