Արմինֆո. Հայաստանը դավաճանեց երուսաղեմահայությանն ու հայկական շահին: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը:
«Հունվարի 5-6-ին , երբ արդեն սուրբ Հարության տոնին ընդառաջ շատերը հայացքն ուղղեն Երուսաղեմ՝ սուրբ Հարության տաճարին չեն էլ նկատի, որ Արցախի դավաճանվածությունից հետո համաշխարհային հոգեւոր-քաղաքական կյանքում հայ ժողովրդի մեծագույն ուժականության՝ սուրբ երկրում Հայ առաքելական եկեղեցու տիրական ներկայության վտանգավծության պայմաններում Հայաստանը երկրորդ դավաճանությունն արեց։ Այս օրերին երուսաղեմահայության, Երուսաղեմի Հայոց պատրիարքության գույքի, ունեցվածքի, իրավունքի ու ներկայության դեմ իսրայելցի ծայրահեղականների արշավանքները, հարձակումները, հրեական պետության կրավորական կեցվածքը որեւէ կերպ Հայաստանի արտաքին գործերի նախարարության համար անհանգստության առիթ չդարձավ, ու պաշտոնական Երեւանից քար լռություն. որեւէ դատապարտում, դիվանագիտական քայլ, արձագանք չեղավ։ Նույն Ֆրանսիան իր դիվանագետի շուրթերով էր արտահայտում անհանգստույթունը, իսկ մեր դիվանագիտական կորպուսում կամակոր երեխային հատուկ ճղճիմ ներքաղաքական խաղերն էին միայն, երբ ՔՊ քիմքին հաճո լինելու համար Իրաքի պես կարեւոր երկրում միայն 2023-ի սեպտեմբերի 4-ին դեսպան նշանակված Միսակ Բալասանյանին դեկտեմբերի 29-ին արդեն ետ կանչեցին։
Երուսաղեմում հայության դարավոր ներկայությունը հայկականության ներուժն է, մեր եզակի վճռական համաշխարհային դերակատարումը, հատկապես տարածաշրջանային նման պրկված պայմաններում։ Համաշխարհային հարթակներում Հայաստանի Հանրապետության հետ հաշվի էին նստում Արցախի գործոնով, Երուսաղեմում հայության ներկայությամբ։ Հայաստանի իշխանությունների կողմից Արցախը դավաճանված է, երուսաղեմահայությունը, սաղիմահայությունը դավաճանված է, Մայր Աթոռը թշնամական հարձակման թիրախում է Հայրենիքում։
Հ.Գ. Այսօր ցավալի լուր ստացվեց, որ 90 տարեկան հասակում մահկանացուն է կնքել Երուսաղեմի սուրբ Հակոբյանց միաբանության անդամ, Երուսաղեմի Հայոց պատրիարքության երեցագույն սպասավոր Արիս արք. Շիրվանյանը: Բնականաբար Սփյուռքի Չհանձնակատարի գրասենյակից ցավակցական ոչ մի խոսք չենք լսի», - գրել է Մանուկյանը:
Նշենք, որ Երուսաղեմի հայկական թաղամասն արդեն որերորդ անգամ հարձակման է ենթարկվում Իսրայելի արմատական խմբերի կողմից։ Այդ ամենը տեղի է ունենում իսրայելական իշխանությունների լռության ֆոնին, որոնք աջ ու ձախ բողոքում են հակասեմիտիզմից ։ Վերջին նման աղաղակող գործողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին, երբ երեք տասնյակից ավելի դիմակավորված զինված անձինք ներխուժել են "Կովերի պարտեզի" տարածք, բռնի գործողություններ կատարել, որոնց արդյունքում պատրիարքարանի հոգևորականներն ու տեղի հայ համայնքի անդամները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:
Այս գործողությունները դատապարտել են Իսրայելում Ֆրանսիայի հյուպատոսությունը և Մայր Աթոռը, ՀԱԵ Կիլիկիո Կաթողիկոսությունը ։
Հիշեցնենք, որ Հայոց պատրիարքարանը 99 տարով իսրայելական ընկերությանը վարձակալության է հանձնել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի մի մասը: Երուսաղեմի հայ համայնքը դեմ է հանդես եկել այս գործարքին ՝ կազմակերպելով բողոքի ակցիաներ։ Սույն թվականի նոյեմբերի 1-ին ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը հաղորդել է, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը նամակ է հղել Xana Gardens Ltd ընկերությանը, որում տեղեկացնում է, որ լուծում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող "Կովերի պարտեզ" կալվածքի վերաբերյալ 2021 թվականի հուլիսի 8-ի պայմանագիրը։ Դրանից հետո սկսվել են հարձակումներ հայկական թաղամասի և հայ համայնքի ներկայացուցիչների վրա ։ Իսրայելցի վերաբնակների այդ գործողությունները դատապարտվել են Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳՆ-ների կողմից: Հայաստանի ԱԳՆ-ը քար լռություն է պահպանում այդ կապակցությամբ և ձևացնում, թե ոչինչ չի կատարվում։