Արմինֆո. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում, անվանել է "ոտքի վրա կարճատև շփում", այլ ոչ թե՝ բանակցություններ:
"Նրանք երեկ բանակցություններ չեն անցկացրել, բայց միշտ նման միջոցառումները, այդ թվում նաև ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, լավ հնարավորություն են ոտքի վրա կարճատև շփումների համար։ Այդպես է եղել նաև այս անգամ", - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա փաստել է, որ միջոցառման շրջանակներում "բոլորը հնարավորություն ունեցան միմյանց հետ ոտքի վրա շփվել ինչ-որ հիմնական կետերի շուրջ": Ընդ որում, նա հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանում և Ադրբեջանում տեսնում է խաղաղության պայմանագիր կնքելու քաղաքական կամքի առկայություն, աջակցում է այդ քայլին:
"Կարևորն այն է, որ մենք քաղաքական կամքի առկայություն ենք տեսնում երկու կողմերում՝ և Բաքվում, և Երևանում։ Իհարկե, մենք աջակցում ենք դրան ։ Մենք կարծում ենք, որ նման պայմանագրի կնքումը օգտակար կլինի ինչպես երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանում խաղաղության կայունության համար", - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ինչպես նշել է Պեսկովը, ռուսական կողմն արձանագրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը "շարժվում են խաղաղության պայմանագրի վրա աշխատանքների եզրափակման ուղղությամբ": "Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ։ Իհարկե՝ ոչ ի վնաս որակի: Այդ պատճառով մենք բոլորի հետ միասին սպասում ենք, թե երբ կավարտվի այդ աշխատանքը", - նշել է նա։
Դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ասել էր, որ Փաշինյանն ու Ալիևը ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի հարթակներում, որի ընթացքում քննարկել են խաղաղության օրակարգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը ։