Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պատանդ պահվող Արցախի նախկին և գործող ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Ինչպես հաղորդել է ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան, այցը տեղի է ունեցել դեկտեմբերին, առանձնազրույցներ են տեղի ունեցել գերեվարվածների հետ, և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփումների համար։ Նրանց նաեւ ծանրոցներ են հանձնվել իրենց ընտանիքներից։
"Իր մանդատին համապատասխան, այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը և նրանց պահման պայմանները, պայմաններ ստեղծում ընտանիքների հետ նրանց շփումները վերականգնելու կամ շարունակելու համար: ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն, այցերի վերաբերյալ դիտարկումներն ու հանձնարարականները հասցվում են միայն ձերբակալված կողմին", - նշել է նա։
Հավելենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ. Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: