Արմինֆո. Ադրբեջանում որոշել են օրենսդրական մակարդակով օրինականացնել Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ հավակնությունները։
Այսօր Ադրբեջանի Միլի Մեջլիսում ընդունվել է ուշագրավ փաստաթուղթ՝ "Հայտարարություն արևմտյան ադրբեջանցիների պատմական հայրենիք վերադարձի մասին"։ Այդ փաստաթղթում, ոչ ավել՝ ոչ պակաս, ասվում է, թե ադրբեջանցիները Հայաստանի տարածքում ապրել են դարեր շարունակ։ "Պատմական փաստաթղթերն ու քարտեզներն ապացուցում են, որ այստեղ բնակվող բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներ են եղել", - ասվում է փաստաթղթում: Ընդ որում, փաստաթղթում չի պարզաբանվում, թե 100 տարի առաջ ստեղծված պետության ներկայացուցիչներն ինչպես կարող էին այդ տարածքում դարեր շարունակ բնակվել, այն էլ՝ մեծամասնություն կազմել:
Նման նախաձեռնություններով Ադրբեջանը փորձում է փուլ առ փուլ լեգիտիմացնել իր տարածքային նկրտումները Հայաստանի պատմական ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի իշխանությունների և միջազգային հանրության լռության ֆոնին, որոնք անտեսել են Արցախի հայաթափումն ու հազարամյակներ շարունակ այդ հողերում ապրող ողջ հայ բնակչության տեղահանում:
Արմինֆո-ն նաև դիմել է Հայաստանի ԱԳՆ՝ խնդրելով մեկնաբանել Ադրբեջանի այդ գործողությունները: Նյութի հրապարակման պահին արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռ ոչ մի կերպ չի արձագանքել։