Արմինֆո. Արգենտինայից մարդու իրավունքների գծով փաստաբան Լուչիանա Մինասյանը և թուրք լրագրող Ուզայ Բուլութը 2020 թվականի նոյեմբերից Բաքվում գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի ընտանիքի անունից բաց նամակ են հղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան գրասենյակին։
"Մենք գրում ենք Վիգեն Էուլջեքչյանի ընտանիքի անունից, քանի որ նրանք բնակվում են Բեյրութում։ Մոտ մեկ շաբաթ առաջ նրանց հաղորդել էին Վիգենին 32 ռազմագերիների ցուցակում ընդգրկելու հնարավորության մասին, որոնց Բաքուն պատրաստվում էր ազատ արձակել երկու ադրբեջանցի գերիների դիմաց: Վիգենը կալանքի տակ է գտնվում 2020 թվականի նոյեմբերից, և հայկական գրանցամատյաններում նա նշված է եղել որպես քաղաքացիական անձ (նույն ժամանակահատվածում գերեվարված առաջին երկու այլ քաղաքացիական անձանց՝ Գևորգ Սուջյանի և Դավիթ Դավթյանի հետ, ովքեր մարդասիրական օգնություն են ցուցաբերել իրենց ՀԿ-ի միջոցով)։ Նրանք բոլորը Բաքվում շինծու, անօրինական և կամայական դատավարության էին ենթարկվել։
Վիգեն Էուլջեքչյանը Լիբանանից է, ունի երկքաղաքացիություն՝ Հայաստանի և Լիբանանի: Նա Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ապօրինաբար առևանգվել է ադրբեջանցի զինվորների կողմից և բանտարկվել Ադրբեջանում: Վիգենը ձերբակալվել է Շուշիում (Արցախ/Լեռնային Ղարաբաղ) Մարալ Նաջարյանի հետ (որը հետագայում ազատ է արձակվել) 2020 թվականին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի հաջորդ օրը։ Նրանք երկուսն էլ մեղադրվել են Լիբանանից "անօրինական վարձկաններ" լինելու համար։
Նրան դատապարտել են 20 տարվա ազատազրկման Բաքվի մեկուսարանում։ Վիգենի վերջին շփումը կնոջ՝ Մարալի հետ տեղի է ունեցել մոտավորապես 2023 թվականի նոյեմբերի 21-ին։ Նրա առողջական վիճակն արդեն վատ է եղել։
Էուլջեքչյանների ընտանիքը մեծ ուրախությամբ ու ակնկալիքներով էր պատրաստվում Վիգենի ժամանմանը, քանի որ նրա անունը հայտնվել էր ազատ արձակման ենթակա գերիների ցուցակում, որը հրապարակվել էր սոցիալական ցանցերում։ Ընտանիքը խորապես հուսալքվել է, երբ դեկտեմբերի 13-ին ազատ արձակվեց 32 կալանավոր, այդ թվում՝ 26-ը Շիրակի մարզից, սակայն Վիգենը վերջին պահին փոխարինվել է մեկ այլ կալանավորով: Վիգենը վերադարձած գերիների մեջ չէր։ Մենք որոշ հիմքեր ունենք՝ ենթադրելու, որ նա տառապում է հոգեկան և ֆիզիկական խանգարումներով, ուստի, խնդրում ենք ձեզ գտնել անհրաժեշտ միջոցներ այդ փաստը ստուգելու համար: Մենք գիտենք, որ ռազմագերիների պաշտոնական ցուցակում կար մոտ 55 մարդ, այդ թվում՝ նրանք, ում մենք կարող ենք անվանել քաղաքական բանտարկյալներ, որոնք գերեվարվել են հոկտեմբերին ադրբեջանական անցակետում։ Մեզ հայտնի է նաև, որ Սիրանուշ Սահակյանի հայտարարությունների համաձայն, կարող է լինել էլի, առնվազն, 80 ռազմագերի, բայց, ցավոք, որևէ անուն չենք կարող նշել: Այս ամենը, սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած փոխհրաձգության, ինչպես նաև վառելիքի բաքի պայթյունի հետևանքով անհայտ կորած զինվորականների և խաղաղ բնակիչների այլ թվի հետ միասին:
Այս պահին խնդրում ենք ձեր միջամտությունը Վիգենի գտնվելու վայրի վերաբերյալ որոշ տեղեկություններ ստանալու համար: Մենք կարծում ենք, որ այդ կարևոր տվյալները հոգեկան հանգստություն կբերեն նրա ընտանիքին", - ասվում է նամակում։
Խնդրագրի ներքո կարելի է ստորագրել հետևյալ հղումով. https://www.change.org/p/support-linda-euljeckjian-s-plea-her-husband-vicken-has-beenunjustly-detained-in-baku?signed=true: