


Արմինֆո. Խաղաղության պայմանագիրը 100 տոկոսով ամեն ինչ չի լուծի։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այդ մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
"Ադրբեջանը խաղաղության համաձայնագրին առնչվող բոլոր կարևոր նախաձեռնությունների հեղինակն է։ Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից։ Կարևոր է, որպեսզի երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Ադրբեջանի ինքնիշխանության լիակատար վերականգնումից հետո մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին։ Մենք նաև որոշ դրական արձագանքներ ենք լսում", - ասել է Բայրամովը։
Այդ առումով՝ նա հիշեցրել է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը պաշտոնական Բաքուն Երեւանից ստացել է այս տարվա նոյեմբերի վերջին։ "Մեկ ամսվա ընթացքում մեր կողմից մշակված առաջարկությունների փաթեթը ներկայացվել է Հայաստանին։ Գործընթացը շարունակվում է։ Կարծում եմ՝ հանդիպումները կկայանան 2024 թվականին: Մենք այդ հարցին նայում ենք իրատեսորեն և լավատեսորեն։ Միևնույն ժամանակ, երբ խոսում ենք խաղաղության համաձայնագրի մասին, մենք պետք է հասկանանք, որ այն 100 տոկոսով ամեն ինչ չի լուծի", - ամփոփել է ադրբեջանցի նախարարը։



