
Ընդդիմադիր «քառյակի» վերականգնումն անիրատեսական է, քանի որ ընդդիմությունը միասնական օրակարգ չունի: Մայիսի 16-ին լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Այդ ձևաչափի վերականգնումն անիրատեսական է, քանի որ ընդդիմադիր կուսակցությունները միասնական դիրքորոշում չունեն կարևոր հարցերի լուծման նկատմամբ: Մեզ չհաջողվեց միասնական դիրքորոշման հասնել նույնիսկ այնպիսի կարևոր հարցի նկատմամբ, ինչպիսին են սահմանադրական բարեփոխումները: Թեև, եթե անցկացվեին բովանդակալից քննարկումներ, ապա անհապաղ հարցը կլուծվեր», - նշել է նա:
Մինչդեռ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի բացառում ընդդիմադիր ուժերի փոխգործակցության վերսկսման հնարավորթյունը: «Եկել է հետագա գործողությունների վերաիմաստավորման պահը, ինչից հետո հնարավոր է ակտիվ փուլ», - նշել է նա:
Մարտիրոսյանն ընդսմին նշել է, որ Հայաստանում առկա խնդիրների թիվը միայն աճում է, իսկ իշխանություններն անգործության են մատնված: «Տարբեր միջազգային կազմակերպություններ բացասական կանխատեսումներ են անում Հայաստանի տնտեսական անկման վերաբերյալ, ավելանում են աղքատության և արտագաղթի ցուցանիշները», - նկատել է նա: Քաղաքական գործիչը հավելել է, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը միայն կբարդացնի առանց այդ էլ երկրում առկա չափազանց ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը: «Բացի սոցիալական խնդիրներից, կբարդանան նաև իրավական խնդիրները, ինչի ամենավառ օրինակը Սյունիքի մարզպեստ Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրանի փախուստն է», - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ խորհրդարանական քառյակը (ՀՅԴ, «Ժառանգություն», ԲՀԿ և ՀԱԿ) խորհրդարանական համագործակցություն էին սկսել ընդդեմ հայ-ռուսական գազային համաձայնագրերի, այնուհետև համագործակցությունը խորհրդարանից տեղափոխեցին Ազատության հրապարակ: Սակայն այն բանից հետո, երբ ՀՅԴ հանդես եկավ սահմանադրական բարեփոխումների և կառավարման խորհդրարանական համակարգի օգտին, քառյակը վերածվեց եռյակի, որը լիակատար ձախողման ենթարկվեց ԲՀԿ նախագահի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո: