Արմինֆո. Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն դեկտեմբերի 21-22-ը Բաքվում տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերով միջգերատեսչական խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հետ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Գրուշկոյին ընդունել է նաև ԱՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Խիկմետ Գաջիևը: Հանդիպումներ են տեղի ունեցել ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Է. Օ. Ամիրբեկովի և Ադրբեջանի Միլի մեջլիսի միջազգային գործերի և միջխորհրդարանական կապերի կոմիտեի նախագահ Ս.Ի. Սեիդովի հետ:
Տեղի է ունեցել կարծիքների հիմնավոր փոխանակում Անդրկովկասում և եվրոպական անվտանգության ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ, ներառյալ՝ փոխգործակցությունը ԵԱՀԿ-ում, իրավիճակը Եվրոպայի խորհրդում, մեր երկրների հարաբերությունները Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի հետ: Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ հարցերին:
Ընդգծվել է տարածաշրջանի պետությունների առաջատար դերն ու հատուկ պատասխանատվությունը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության պահպանման գործում: Երկու կողմից հաստատվել է տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ ամուր երկխոսության պահպանման տրամադրվածությունը ։