Արմինֆո. Տարածաշրջանի երկրները կարող են կառուցողական դեր խաղալ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման և ապահովման գործում: Ըստ իրանական Mehr լրատվական գործակալության՝ այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը՝ դեկտեմբերի 22-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Դրական համարելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու շուրջ բանակցությունների գործընթացը՝ իրանցի նախարարը նշել է տարածաշրջանում որոշ օտարերկրյա կողմերի միջամտության բացասական հետևանքները: "Տարածաշրջանի երկրները կարող են կառուցողական դեր խաղալ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման և ապահովման գործում", - ասել է ԻԻՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Սերգեյ Լավրովն, իր հերթին, անդրադարձել է վերջերս Թեհրանում 3+3 ձևաչափով կայացած հանդիպմանը, ընդգծելով բարեկամ երկրների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը, որպեսզի օգնեն Ադրբեջանին և Հայաստանին հասնել խաղաղության համաձայնագրի:
Ռուսաստանի արտգործնախարարը նաև բարձր է գնահատել Իրանի կարևոր և կառուցողական դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն աջակցելու գործում: