
ՀԱԿ խորհրդարանական խմբակցկության ղեկավար Լևոն Զուրաբյանը Հայաստանի իշխանություններին և պրոֆիլային կառույցներին կասկածում է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման համար նախատեսված միջոցները վատնելու մեջ: Այդ մասին Զուրաբյանը հայտարարել է այսօր Ազգային ժողովում լսումների ժամանակ:
Ընդդիմադիր գործիչը վկայակոչել է Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանի նախորդ տարվա հաշվետվությունը բազմաթիվ խախտումների, ֆինանսական մեքենայությունների և չարաշահումների վերաբերյալ, որոնք թույլ էին տրվել այդ ծավալուն նախագծի իրագործման ժամանակ: «ՎՊ ղեկավարի հաշվետվությունում նշվում էր, որ ճանապարհածածկույթը 30 սմ փոխարեն կազմում է 3 սմ: Բացահայտվել են նախահաշվում նշված գումարի գերազանցման բազմաթիվ դեպքեր: Վերահսկիչ պալատը նաև նշել է մայրուղու բազմամթիվ հատվածներում աշխատանքի որակի չափազանց ցածր մակարդակի մասին», - նշել է Զուրաբյանը:
Ի պատասխան` տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը պատգամավորին հավաստիացրել է, որ գերատեսչությունում տեղյակ են բոլոր խախտումների և չարաշահումների մասին, որոնք արձանագրված են եղել դեռ մինչև ՎՊ ստուգումների անցկացումը: Նա նշել է, որ եղել են մասնակի բացթողումներ և թերություններ, որոնք արդեն վերացված են:
Հիշեցնենք, 556 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող «Հյուսիս–Հարավ» միջանցքը ելք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ 1 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ելք են ապահովում դեպի համաշխարհային շուկաներ։ Ավտոճանապարհը կունենա բետոնե ծածկույթ: Նախագծի իրագործման համար Հայաստանը 500 մլն դոլարի վարկ է ներգրավել Ասիական զարգացման բանկից: Եվս 150 մլն դոլար կտրամադրի Եվրասիական զարգացման բանկը: Հայկական կողմը նախագծի իրացման համար նաև 60 մլն դոլար է ներգրավել Եվրոպական ներրդումային բանկից: Միջանցքի շինարարությունը նախատեսվում է լիովին ավարտել 2019 թվականին: «Հյուսիս-Հարավ» ծագրի առնչությամբ Հայաստանի կառավարությունը հաշվարկել է 2,5 դոլարի խնայողություն յուրաքանչյուր ուղևորի մեկ ժամվա երթևեկության և 1-ական դոլարի խնայողություն 1 տոննա բեռի փոխադրման 1 ժամվա համար: Ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, ծրագիրը թույլ կտա ապագայում մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման հետևանքները, ստանձնել տարանցիկ պետության դեր տարածաշրջանի երկրների բեռանփոխադրումներում, ինչպես նաև միանալ Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն:
Այսօրվա լսումների ժամանակ Ասիական զարգացման բանկի հայկական մասնաճյուղի տնօրեն Դևիդ Դոլը հաղորդել է, որ բանկը նշված 500 մլն դոլարից արդեն հատկացրել է 330 մլն դոլար: Նա ընդսմին հավելել է, որ բանկը բաց է առաջադրված խնդիրների հետագա իրագործման շուրջ Հայաստանի կառավարության հետ քննարկումների համար: «Այս վիթխարի նախագծի կարևորությունը Հայաստանի տնտեսական զարգացման համար դժվար է գերագնահատել», - նշել է նա: