Արմինֆո. Դեկտեմբերի 18-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի օրենսդիր մարմնում ներկայացված «Ազատության ուղի» կուսակցության ղեկավար Զոի Կոնստանդնուպուլուի հետ։
Ինչպես հաղորդում է Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, բռնի տեղահանված արցախահայերի խնդիրները և միջազգային ատյաններում նրանց իրավունքների բարձրացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և դրանցում առկա մարտահրավերները։
Հույն խորհրդարանականը անդրադառնալով իր` որպես Հունաստանի խորհրդարանի նախագահ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստան կատարած այցին՝ վերահաստատել է իր կուսակցության անվերապահ աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին և իր պատրաստակամությունը հայտնել վերոնշյալ խնդիրներին լուծումներ տալու նպատակով ջանքեր գործադրել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում: