
Անկախ այն բանից, թե ով կամ ում բարեկամն է հանցանք կատարած մարդը`նա պետք է պատիժ կրի օրենքի ողջ խստությամբ: Այդ մասին ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը`մեկնաբանելով Գորիսի բնակչին ծեծի ենթարկելու հետ կապված միջադեպը, որին, շրջանառցող լուրերի համաձայն, մասնակցել է նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը:
ՙԵս չեմ կարող լիարժեք պատասխան տալ այդ հարցին, քանի որ ընթանում է քննություն, սակայն պաշտոնյայի ընտանիքի ցանկացած անդամ պետք է գիտակցի, որ պաշտոնը ենթադրում է պատասխանատվություն՚,- ասել է ՀՀԿ մամուլի քարտուղարը: Ըստ որում, Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ընթացքում այդ միջադեպը չի քննարկվել:
Մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեն նախօրեին հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ այն անձինք, որոնց Գորիսի ՙՍդղի գյոլ՚ կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել քննիչի կողմից, չեն կարող ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, քանի որ մայիսի 8-ից բացակայում են հանրապետությունից։ ՙՆախաքննական մարմինը ձեռնարկել եւ ձեռնարկում է օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ միջադեպին մասնակից կամ հնարավոր մասնակցություն ունեցած բոլոր անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ՚,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՙԺողովուրդ՚ թերթն իր հերթին հայտնում է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, լքել է Հայաստանը օդային ճանապարհով: Թերթի տեղեկությունների համաձայն, Տիգրանը Երեւանի ՙԶվարթնոց՚ օդանավակայանից մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ՙԳորիս բժշկական կենտրոնից՚ Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հարութ Զաքարյանը՝ ՙաջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք՚ մարմնական վնասվածքով: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հարութ Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տիգրան Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի ՙՍդղի գյոլ՚ կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հարութ Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք: Մայիսի 4-ին Սյունիքի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «ինքնությունը չպարզված անձանց կողմից ՙՍդղի գյոլ՚ կոչվող տարածքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ՚։ Մինչդեռ տուժածի հայրը` Գագիկ Զաքարյանը, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ամեն ինչի համար մեղադրել է Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին: Որոշ տեղեկությունների համաձայն, դեպքի վայրում երևացել են ինքը` Սուրիկ Խաչատրյանը և նրա երկրորդ որդին: Ինչպես հաղորդել է Գագիկ Զաքարյանը, այժմ իր որդին գտնվում է Մոսկվայում, որտեղ նրան վիրահատելու են, քանի որ Երևանում երիտասարդի տեսողությունը չեն կարողացել վերականգնել: