Արմինֆո. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության Վրաստանի նախաձեռնությունը տվել է որոշակի արդյունք։ Այդ մասին դեկտեմբերի 18-ին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով կառավարության ընթացիկ տարվա գործունեության մասին հաշվետվությունը։
Նշելով, որ Վրաստանի կառավարությունը սերտ բարեկամական հարաբերություններ է պահպանում տարածաշրջանի գործընկերների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ, Ղարիբաշվիլին հայտարարել է տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման հարցում Թբիլիսիի շահագրգռվածության մասին: "Վրաստանը կարևոր ներդրում ունի այդ նպատակին հասնելու գործում։ Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի և Հայաստանի վարչապետները Վրաստանում էին, և մենք եռակողմ հանդիպում անցկացնելու բացառիկ հնարավորություն ունեցանք։ Կարծում եմ, որ դա հետաքրքիր նախադեպ էր, որին մենք հասել ենք", - շարունակել է Վրաստանի կառավարության ղեկավարը։
"Ես մի քանի անգամ եղել եմ Ադրբեջանում, Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետն այցելել են Վրաստան։ Մենք շարունակում ենք բարձր մակարդակի ռազմավարական գործընկերությունն ու համագործակցությունը նաեւ Թուրքիայի հետ", - ամփոփել է Վրաստանի վարչապետը, հաղորդում են ԶԼՄ-ները: