Արմինֆո. Հյուսիսային Գիլան նահանգում Ռեշտը Աստարայի հետ կապող երկաթուղու շինարարությունը կսկսվի 2024 թվականի սկզբին։ Այդ մասին հաղորդել է Իրանի ճանապարհների և քաղաքայի զարգացման փոխնախարար Շահրիյար Աֆանդիզադեն։
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, վկայակոչելով Tasnim-ը, Աֆանդիզադեն հստակեցրել է, որ 162 կմ երկարությամբ երկաթուղու շինարարությունը կսկսվի առաջիկա 45 օրվա ընթացքում: "Ըստ ձեռք բերված համաձայնության՝ մենք հույս ունենք այդ նախագծի իրականացմանը ձեռնամուխ լինել 2024 թվականի սկզբից՝ մոտ մեկուկես ամսից", - նշել է փոխնախարարը։
Նրա ասելով՝ նախագծի ավարտն առաջատար դեր կխաղա Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում։ "Հյուսիս-Հարավի գործարկումից հետո հարեւան եւ տարածաշրջանային պետությունները տնտեսական մեծ ներուժ կունենան", - հավելել է Իրանի ավտոմոբիլային ճանապարհների փոխնախարարը:
2023 թվականի ապրիլին Հնդկաստանի և Ռուսաստանի հետ եռակողմ գագաթնաժողովի ժամանակ Իրանն առաջարկել էր "Իրանական ճանապարհ" միջազգային նախագծի գաղափարը։
"Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքն իրենից ներկայացնում է 7200 կմ երկարությամբ ծովային, երկաթուղային եւ ավտոմոբիլային երթուղիների բազմառեժիմ ցանց՝ Հնդկաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի միջեւ բեռնափոխադրման համար", - հայտարարել է նա:
Իրանցի պաշտոնական անձինք հաշվարկել են, որ Ռեշտ-Աստարա երկաթուղին թույլ կտա շահագործման առաջին տարում տեղափոխել մեկ միլիոն ուղևոր, ինչպես նաև՝ 10 միլիոն տոննա բեռ: