Մայիսի 14-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանի Մարկետինգի և Կառավարման ֆակուլտետների, ինչպես նաև այլ բաժինների ուսանողներ ունկնդրեցին Ռոստելեկոմ խմբի անդամ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի դասախոսությունն՝ ուղղված ՏՏ ոլորտի ձևավորմանը, զարգացմանն ու կայացմանը ՀՀ-ում: Այս մասին Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից:
Մասնավորապես ընկերության ղեկավարը կիսվեց ոլորտում իր ունեցած բազմամյա փորձով, լսարանին ներկայացրեց հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի վերջին տասնամյակի զարգացումները, մատնանշեց առանձնահատկությունները, հնարավորություններն ու մարտահրավերները, որոնց առնչվել է ընկերությունը կայուն զարգացման ճանապարհին։
«Ուրախ եմ տեսնել ոչ միայն Կառավարման, այլ նաև Մարկետինգի և հարակից բաժինների ուսանողների, քանի որ այսօր հեռահաղորդակցության ոլորտին ակամա առնչվում են բոլոր մասնագիտությունների տեր երիտասարդները։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ ընկերության աշխատանքային թիմը բաղկացած է ամենատարբեր մասնագիտոթյան տեր բարձրակարգ փորձագետներից, այդ թվում նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանից և նման դասախոսությունները երիտասարդ մասնագետներին հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի անցյալի, ներկայի և կարող եմ ասել նաև ապագայի մասին, ուր հնարավոր է իրենք հետագայում աշխատանքի անցնեն։_ Նշեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը,—Հայաստանյան և միջազգային խոշոր ընկերությունների հաջողության հիմքում ընկած է փորձառությունն ու գիտելիքները, որ այսօր իր ուսանողներին են փոխանցում մեր բուհերը։ Ուրախ եմ՝ մեր ընկերությունն անմասն չէ այդ գործում։»
Հայաստանում ֆրանսիական համալսարանը նույնպես կարևորում է տնտեսության մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը, ինչի արդյունքում համալսարանի շուրջ 1500 շրջանավարտների 70%-ն աշխատում են հայաստանյան հայտնի ձեռնարկություններում և կազմակերպություններում՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ միջին և բարձր օղակներում:
Հավելենք նաև, որ Հայաստանում Ռոստելեկոմի կողմից ակտիվ համագործակցություն է իրականացվում բուհերի և ուսանողների հետ, պարբերաբար ծրագրեր են իրականացվում լավագույն ուսանողների պրակտիկան ընկերությունում ապահովելու և աշխատանքի տեղավորման հարցերի շուրջ։
Նշենք, որ 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:
Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև վաճառակետեր: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի «BBB-» մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն «BB+» է: