Գյուղատնտեսության զարգացող ենթաճյուղերից մեկը` ջերմոցային տնտեսություններն Ամերիաբանկի ուշադրության կիզակետում են: Մայիսի 15-ին Կոտայքի մարզի Գողթ գյուղում կբացվի 10.5 հա մակերես ունեցող ջերմոց, որի ֆինանսավորման գերակշիռ մասն իրականացվել է Ամերիաբանկի կողմից:
Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ջերմոցի կառուցումը «Արմյանսկիյ ՈՒրաժայ ՍՊԸ» նախաձեռնությունն է, որը մեկնարկել է 2014թ.-ից: Ընդհանուր առմամբ կատարվել են 30հա հողային աշխատանքներ, սակայն, ինչպես նշվեց, առայժմ գործարկվելու է միայն 10.5հա մակերեսով ջերմոց: Գողթի ջերմոցում նախատեսվում է աճեցնել բանջարաբոստանային կուլտուրաներ` առավելապես լոլիկ, պղպեղ և վարունգ, որը գրեթե ամբողջությամբ կարտահանվի հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Նշենք, որ այս ջերմոցային տնտեսության բացմամբ կստեղծվի 300 աշխատատեղ:
Գյուղատնտեսությունը 2010թ.-ից հանդիսանում է ՀՀ տնտեսության առաջատար ճյուղը: 2014թ.-ին ՀՆԱ-ում գյուղատնտեսության տեսակարար կշիռը կազմել է 19.3%: Վերջին տարիներին այս ոլորտի զարգացման հարցում մեծ դեր է ունեցել արդյունաբերական գյուղատնտեսության, մասնավորապես` այգեգործությանը, ձկնաբուծությանը և, հատկապես, ջերմոցային տնտեսությունների զարգացումը: Վերջինիս վարկավորման գծով Ամերիաբանկի վարկային պորտֆելը բանկային համակարգում մեծությամբ առաջինն է. այն կազմում է շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ՀՆԱ-ի կառուցվածքում գյուղատնտեսական համախառն արտադրանքի մասնաբաժինը կազմել է մոտ 20% կամ 894 մլրդ դրամ, 2014 թվականի աճելով 7.8% (2013-ի 7,6% աճի փոխարեն): Վերջին տարիներին այդ ոլորտի արագ զարգացումը հիմնականում պայմանավորված է ջերմոցների թվի աճով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, 2015 թվականի ապրիլի 1-ին Ամերիաբանկի գյուղատնտեսական վարկերի պորտֆելը կազմել է 18 մլրդ.դրամ, զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը շուկայում, տարեկան աճը` 4 անգամ, իսկ միայն առաջին եռամսյակում`17.2%: Տնտեսության վարկավորման ծավալով Ամերիաբանկը հանդիսանում է շուկայի առաջատարը` ավելի քան 215 մլրդ դրամ, տարեկան աճը`44%: Ամերիաբանկի միակ սեփականատերն է Ameria Group CY-ը: Օրերս «Fitch» միջազգային վարկանշային հեղինակավոր կազմակերպությունն Ամերիաբանկին շնորհեց Արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (B պլյուս) վարկանիշ, ինչը համաշխարհային պրակտիկայում բարձր գնահատական է համարվում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: