
Արմինֆո. "Եռաբլուր" զինվորական պանթեոնի հարակից տարածքում ապօրինի գույքի բռնագանձման գործերով պետությանը վերադարձված հողամասերն ամրագրվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
Ինչպես պարզաբանել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ գլխավոր դատախազը դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե, տեղեկացնելով, որ 2023 թվականի ընթացքում գույքի բռնագանձման գործերով կնքվել է 4 հաշտության համաձայնագիր: 4 միավոր անշարժ գույք և 1 միավոր շարժական գույք հանձնվել են Հայաստանի Հանրապետության սեփականությանը:
Իր հերթին՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պարզաբանել է, որ նշված հաշտության համաձայնագրերի շրջանակներում ՀՀ-ին հանձնված գույքի շուկայական արժեքին մոտ գումարային արժեքը կազմում է 2 մլրդ 100 մլն դրամ: Բյուջե է վերականգնվել նաև շուրջ 79 մլն դրամ։ Նրա խոսքով ՝ Հայաստանի Հանրապետությանը հանձնված գույքի ցանկում ՀՀ երրորդ նախագահի (Սերժ Սարգսյանի-խմբ.) թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ՝ "Եռաբլուր" պանթեոնի տարածքում գտնվող 3 հողամասերն են:
Այլ անշարժ գույք ' ավտոտնակ, ինչպես նաև մեկ շարժական գույք՝ որոշման նախագծում նշված Range Rover մակնիշի ավտոմեքենան, պատկանում էր Էրեբունի համայնքի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին, նշել է Վարդապետյանը:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը ս. թ. օգոստոսին հաղորդել էր, որ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրությունը։
«Կատարված ուսումնասիրության արդյունքում՝ Գլխավոր դատախազությունը 2022 թվականի մայիսի 31–ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում՝ պահանջելով Վաչագան Ղազարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել օրինական եկամուտներով չհիմնավորվող շուրջ 1 մլրդ 647 մլն դրամ և 7 մլրդ դրամ շուկայական արժեքով գույք։
2023 թվականի օգոստոսի 22–ին Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն է ներկայացվել հայցապահանջը մասնակի ընդունելու և հայցապահանջում ներառված` «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից 4 միավոր անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու վերաբերյալ դիմում։ Դիմումի հիման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազության և դիմում ներկայացրած անձանց միջև 2023 թվականի օգոստոսի 22–ին կնքվել է հաշտության համաձայնություն, որը նույն օրը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով։
2023 թվականի օգոստոսի 31-ին Հակակոռուպցիոն դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը։
Հայցապահանջի մնացած մասով Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացված հայցի քննությունը։ Հիշեցնենք, որ նշված 4 գույքերն Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում գնահատվել են որպես առերևույթ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքեր», - ասվում էր հաղորդագրությունում: