«Ոչ թալանին» նախաձեռնությունն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագների անհիմն բարձրացման դեմ պայքարը խորհրդարանից տեղափոխել փողոց: Այս մասին այս պահին Ազատության հրապարակում ընթացող ակցիայի ժամանակ հայտարարել է «Ոչ թալանին» նախաձեռնության ներկայացուցիչ Վաղինակ Շուշանյանը:
Մայիսի 8-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին պաշտոնապես ներկայացրեց էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հայտը: Առաջարկվում է, որ ցերեկային սակագինը ներկայիս 41.85 դրամից կբարձրանա մինչև 58.93 դրամ, իսկ գիշերային սակագինը` 31.85 դրամից մինչև 48.93 դրամ: Այսպիսով, ցերեկային սակագինը կբարձրանա 40%, իսկ գիշերայինը` 53.6%:
«Մինչ օրս իշխանությունների կամայականնությունների դեմ պայքարը, որոնք մտադիր են օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց կանոնավոր կերպով վճարող ժողովրդի վզին փաթաթել նաև չգիտես որտեղից առաջացած 250 մլն.դոլարի «պարտքը», ընթանում էր խորհրդարանի ներսում: Համապատասխան հայտարարություններով հանդես են եկել ՀԱԿ, ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչները: Մենք գտնում ենք, որ նման անհատական քայլերը մի խորհրդարանում, որտեղ նստախ է հանրապետական մեծամասնությունը, հաստատ, բավարար չեն»,-նշել է ակտիվիստը:
Շուշանյանը գտնում է, որ հասարակությունը պետք է հերթական անգամ միավորվի իր նկատմամբ իրականացվող ակնհայտ անարդարության դեմ պայքարի շուրջ: Այդ պայքարը, նրա համոզմամբ, պետք է ընթանա ոչ միայն խորհրդարանի ներսում, այլ նաև փողոցներում, բողոքի մասշտաբային ակցիաների տեսքով:
Նշենք, որ ՀԾԿՀ-ն կարող է «ՀԷՑ» ՓԲԸ հայտն ուսումնասիրել 80 աշխատանքային օրում: Հայտը բավարարելու դեպքում դա կլինի էլեկտրաէներգիայի սակագների երրորդ թանկացումը վերջին 2 տարիների ընթացքում: 2013-ի հունիսին այն 30 դրամից բարձրացավ մինչև 41.8 դրամ, իսկ գիշերային սակագինը` 20-ից մինչև 31.8 դրամ: Իսկ երկրորդ թանկացումը` 4 դրամով, տեղի ունեցավ 2014-ի ամռանը:
Երկրի իշխանույթունները, մասնավորապես, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, փորձում են էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը բացատրել «ՀԷՑ»-ի «վատ» մենեջմենտով, իսկ փոխնախարար Իոսիֆ Իսայանի խոսքով, «ՀԷՑ»-ը կառավարության երախշավորությամբ վերցրել է 220 մլն.դոլարի վարկ: Հետևաբար, եթե ընկերությունը չկարողանա մարել այդ վարկը, ուրեմն այդ բեռը նույնպես իր վրա կվերցնեն սպառողները:
Իսկ ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ «ՀԷՑ»-ը կարող է վաճառվել Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խմբին, բայց նրա եղբայրը` Կարեն Կարապետյանը հերքեց այդ լուրերը, ակնարկելով, թե որտեղից են գալիս դրանք, որոնցով փորձ է արվում ստվերում թողնել իրական մեղավորներին, ողջ պատասխանատվությունը գցելով մասնավոր անձի վրա, որը ոչ մի կապ չի ունեցել այդ ծանր իրավիճակի հետ:-